Հունիսի 12-ն իսկապես ջրբաժան էր, ոստիկանության կողմից իրականացված ամենադաժան ու աննախադեպ մի երևույթ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Արսեն Բաբայանը։
«Մեր համոզմամբ՝ ի սկզբանե պլանավորված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցում են այս շարժմանը։
Կան փաստագրված տվյալներ, որ նռնակները նետվել են առանց որևէ դիմադրության կամ հարձակման։ Այսինքն՝ մինչև առաջին նռնակը նետվելը քաղաքացիների կողմից չի իրականացվել որևէ այնպիսի գործողություն, որը կստեղծեր իրավաչափ պայմաններ՝ հատուկ միջոցների կիրառման համար։ Իսկ մինչ հատուկ միջոցների կիրառումը առանձին դաժանությամբ ծեծի են ենթարկել քաղաքացիներին»,-ասաց Արսեն Բաբայանը։
Բանախոսն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանության կողմից ընդգծված վատ վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ սկսվել է դեռ Կիրանցից՝ իր իսկ բնորոշմամբ՝ «շատ էժան ձևերով»։
Բաբայանի խոսքով, օրինակ, պարեկները երթի ժամանակ կանգնեցրել են մարդկանց մեքենաները, ճնշումներ գործադրում, ապօրինի պահում ավտոմեքենաները, տարել տուգանային հրապարակներ՝ առանց լուրջ հիմնավորումների։
«Բազմաթիվ կալանավորումներ տեղի ունեցան։ Քանի որ պլաստմասե շշերով հնարավոր չէ բռնություն գործադրել, բազմաթիվ քաղաքացիներ այսօր կալանքի տակ են հենց այդ՝ խուլիգանության հոդվածով, ինչը ոչ իրավաչափ է։
Այսօր առավոտյան թեժ գծին ահազանգ ենք ստացել, որ եկել են Քննչական կոմիտեից և երեք անձի ձերբակալել, տարել են»,- ասաց փաստաբանը։
Արսեն Բաբայանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքիվրա, որ ՀՅԴ անդամներ են կալանավորվել՝ հավաքներին մասնակցելու համարի իբրև թե մարդկանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ։
«Բայց որևէ նման բան չի հաստատվում, ձերբակալություններն ապօրինի են։ Բայց միևնույն է՝ կալանավորումները դատարանների կողմից իրականացվում են»,- ամփոփեց բանախոսը։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։