Երևանի քաղաքային իշխանություններն «ազատվեցին» իրենց քննադատող ավագանու ևս մի ներկայացուցչից՝ Գրիգոր Երիցյանից։
Ավագանու այսօրվա նիստի օրակարգում էին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին, երկու միմյանց ատող բևեռների բաժանված «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանին և Անուշ Գինոսյանին մանդատից զրկելու հարցերը։
ՔՊ-ն պատճառաբանել է, թե Գրիգոր Երիցյանը չի մասնակցել իրավական հարցերի հանձնաժողովի 7 նիստից 6-ին և ավագանու 5 նիստից 4-ին։
Գրիգոր Երիցյանը հայտարարեց՝ կեղծ օրակարգ է. ինքը ավագանու նիստերին մասնակցել է, իրավական հարցերի հանձնաժողովի նիստերին չի մասնակցել՝ այդպիսով իր անհամաձայնությունը հայտնելով առաջ քաշված նախագծերին։
«Հանրային ձայնից» Վահան Ավագյանը հայտարարեց՝ իրենք կողմ են քվերակելու 3 անդամներին մանդատից զրկելուն, «Մայր Հայաստանը» դեմ էր օրակարգին, այն անվանեց կեղծ։
«Քաղաքում այնքան խնդիրներ կան, քաղաքի կառավարումը կոլապսի եք ենթարկել, եկել այստեղ ավագանու անդամներին մանդատից զրկելու հա՞րց եք քննարկում։ Աղբահանություն, ջրահեռացում, հազար ու մի խնդիր… եկել եք կոճակ սեղմելուց ու հանձնաժողովի նիստերին ներկա կամ բացակա լինելո՞ւց եք խոսում։ Ասենք թե եկանք, ներկա եղանք, քվեարկեցինք, ինչ նախագիծ ուզում, չե՞ք անցկացնում, մեր՝ այստեղ լինելուց ի՞նչ է փոխվում»,-ասաց «Մայր Հայաստանի» ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Գրիգոր Երիցյանը հայտարարեց, որ ՔՊ-ի՝ իրեն մանդատից զրկելու հիմքերն իրավական ուժ չունեն, նա դատի է տալու ու իր իրավունքները դատարանով վերականգնելու է։
Մանրամասները՝ տեսանյութում