2005 թվականին ֆրանսահայ նկարիչ Ժան Ժանսեմը Հայաստանին է նվիրել 400 աշխատանք։
Դրանից առաջ՝ 2001-ին, նա եկավ Հայաստան ու Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրեց 34 կտավներից կազմված իր «Ցեղասպանություն» ստեղծագործությունը և ասաց՝ նա արդեն իր տանն է։
Ժանսեմը փրկվել է Հայոց ցեղասպանության վերջին ալիքից ու ընտանքի հետ 1931 թվականին հաստատվել Փարիզում։
Հովհաննես Սեմերջյանը՝ Ժանսեմը, պատանեկության շրջանում ապրել է աղքատության մեջ ու հենց իր շրջապատի մարդկանց էլ նկարել։ Նկարել սկսել է բառացիորեն փողոցում։
Կորացած մեջքով թշվառ մարդիկ, քաղցած երեխաներ ու ծերեր, ցնցոտիավոր տղամարդիկ, կիսամերկ պարուհիներ… նրա ուշադրությունը գրավել են կյանքի հալածանքներին ենթարկվող մարդիկ։
Ժանսեմը լռակյաց, չշփվող արվեստագետ է եղել։ Բայց պատմում են, որ երբ 1973 թվականին առաջին անգամ եկել է Հայաստան, դարձել է պերճախոս, անմիջապես փոխվել է նրա ներաշխարհը։
Նա թափառում էր գյուղերում ու զարմանում, որ հայկական ավանդական նիստուկացը, մշակույթը պահպանվել է։ Երազում էր մի քանի ամսով գալ Հայաստան, նկարել ու նկարները թողնել այստեղ։
Ժանսեմն ասել է՝ նկարչությունն ինքնակենսագրություն է։ Նա այդպես էլ չազատվեց ցեղասպանության պատկերներից. նրա կերպարները հենց այդ հավերժական ցավն էլ կրում են։
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Ժանսեմ. Կենդանի գծի վարպետը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանին նվիրած նրա 400 գործերից 120 գրաֆիկաներ։