Կենսաթոշակը 50 տոկոսով բարձրացնելիս բնավ չենք մոռանալու տարատեսակ նպաստներ ստացող մեր քաղաքացիներին։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաքվե» ազգային- քաղաքացիական միավորման վարչության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար առաջնայինը լինելու է կենսաթոշակների աճն ապահովելը։
«Ոչ մի թոշակառու և նպաստառու պետական հոգածությունից դուրս չի լինելու։ Պետությունը չպետք է երես դարձնի բնակչության՝ 500 հազարանոց այդ շերտից և դեմքով վերադառնա նրանց և նրանց խնդիրները լուծի»,- ասաց տնտեսագետը։
Հրայր Կամենդատյանը հարց հնչեցրեց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն իրեն կարող է թույլ տալ մոտ 14 միլիարդ դոլարի արտաքին և ներքին պարտք ունենալու շռայլություն։
«Այս շռայլությունը բերում է նրան, որ մենք տարեկան 800-850 միլիոն դոլար պարզապես տալիս ենք սպասարկման համար»,-ասաց նա։
Ասուլիսին ներկա «Հայաքվե»ազգային- քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին նկատեց, որ մինչ այս ռեժիմը միջոցներն ուղղել է սեփական քաղաքական գերակայությունների՝ ռեպրեսիվ ապարատ պահելու վրա, այնպիսի ծախսերի վրա, որոնցից օգտվել են իրենց բիզնես-գործընկերները, պետական ապարատն ուռճացնելու վրա։
«Մեր գերակայությունն այն է, որ խնայենք միջոցները և ուղղենք սոցիալապես անապահով խավերին՝ թոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ և այլն»,- ասաց Չալաբյանը՝ հույս հայտնելով, որ վերոնշյալ խնդիրները կլուծվեն արդեն հաջորդ իշխանության օրոք, և իրենք ևս անմիջական մասնակցություն կունենան այդ գործին։
Նա միաժամանակ նկատեց՝ իրենք չեն կարծում, որ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելը կլուծի թոշակառուների բոլոր խնդիրները, սակայն վստահ են, որ գումարների ավելացումը կենսաթոշակառուներին հնարավորություն կտա գոնե սպառել նվազագույն սպառողական զամբյուղը։
«Բնականաբար պետք է կարողանանք ժամանակի ընթացքում այդ թիվը բարձրացնել»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, «Հայաքվե» ազգային- քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Դավիթ Հակոբյանն էլ ընդգծեց՝ այսօրվա դրությամբ Հայաստանում նվազագույն սոցիալական զամբյուղը կազմում է 77 հազար դրամ, այն դեպքում, երբ նվազագույն կենսաթոշակը՝ 36 հազար դրամ։
Ըստ նրա՝ այս թվերից ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակառուն չի կարող հասանելիություն ունենալ նվազագույն սպառողական զամբյուղին, առավել ևս՝ պարենային զամբյուղին, որը սահմանված է 41 հազար դրամ։
«Այսինքն՝ այսօր մեր կենսաթոշակառուները համարվում են հասարակության ամենախոցելի և աղքատ խավերից մեկը։ Նրանք իշխանության կողմից մատնվել են անուշադրության։ Սա մեր կառավարության ամոթն է։ Այսօր կենսաթոշակառուն իր 36 հազար դրամով չի կարող ձեռք բերել այնքան ապրանք և ծառայություն, որքան կարող էր ձեռք բերել 2018-ին։ Այսինքն՝ 7 տարվա մեջ զարգացումները եղել են բացասական ուղղությամբ»,- նշեց բանախոսը։
Ըստ Հակոբյանի՝ միայն դեղորայքի գների պարբերական բարձրացումը բավական է, որ կենսաթոշակառուներն իրենց մաշկի վրա զգան շարունակական աղքատացումը։
«Էլ չեմ ասում տրանսպորտի, գույքահարկի, աղբահանության հարկի բարձարացման մասին։ Այս բոլոր ծանրություններն իր մաշկի վրա կրում է ՀՀ կենսաթոշակառուն։ Միաժամանակ մեր իշխանությունները ծրագրել են, որ 2026 թվականին մեր 500 հազար թոշակառուները հայտարարագիր ներկայացնեն։ Լավ, ինչո՞ւ են կենսաթոշակառուի կյանքը բարդացնում, ընդ որում՝ նրանց մասին բոլոր տեղեկությունները պետական մարմիններում կան։ Ստացվում է՝ աղքատներից հեշտ է գումար վերցնելը, ուղղակի քանակը քիչ է, բայց քանի որ աղքատների թվաքանակը մեծ է, պետությունը բավականին մեծ գումար կարող է պոկել աղքատներից»,- ամփոփեց բանախոսը։










