Երկու տարում ավելի քան իրատեսական է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել և այսուհետ դրանք ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաքվե» ազգային- քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«50 տոկոսը տարեկան 175 մլրդ դրամ է։ Ինչո՞ւ ենք ասում՝ երկու տարում. որովհետև մենք պոպուլիստ չենք։ Որտեղի՞ց ենք վերցնելու այդ միջոցները. մոտավորապես 100 մլրդ դրամը վերցնելու ենք պետական բյուջեի բնականոն օրգանական աճից»,- բացատրեց նա։
Չալաբյանի խոսքով՝ միաժամանակ հնարավորություն կա 35 մլրդ դրամով կրճատել պետական պարտքի սպասարկման ծախսը։
«Ինչպե՞ս. պետական պարտքը ռեստրուկտուրիզացիա անելով՝ թանկարժեք պետական պարտքը փոխարինելով ավելի էժան պետական պարտքի։ Երրորդը՝ պետական մարմինների ծախսերը կնվազեցնենք ընդամենը 10 տոկոսով։ Դա բացարձակ իրատեսական է. ընդամենը պարգևավճարները մի քիչ կպակասեցնենք։ Պարգևավճարներն են, թանկարժեք մեքենաները, թանկարժեք գրասենյակները։
Ռեպրեսիվ մարմինների ծախսերը ևս 10 տոկոսով հանգիստ կարելի է պակասեցնել։ Եվ վերջապես, 20 տոկոսով կպակասեցնենք վարչապետի պահուստային ֆոնդը։ Սա տալիս է այն 175 մլրդ դրամը, որը մեզ հնարավորություն կտա մեր կենսաթոշակառուների կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել և դրանից հետո մշտապես, ամեն տարի ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ»,- նշեց Չալաբյանը։
Նա միաժամանակ հայտարարեց, որ մտադիր են հաջորդ շաբաթվանից ստորագրահավաք սկսել, ինչպես նաև հանրագրով կդիմեն իշխանություններին՝ պահանջով, որ 50 տոկոսով բարձրացնեն կենսաթոշակները։ Երկրորդ կետով կպահանջեն, որպեսզի այսուհետ կենսաթոշակները մշտապես ինդեքսավորեն սպառողական նվազագույն զամբյուղի հետ։ «Եթե մեր հանրագիրն անպատասխան մնա, մենք հաջորդ տարվա համապետական ընտրություններին գնալու ենք հենց այս օրակարգով՝ մեր բոլոր կես միլիոն կենսաթոշակառուների համար երկու տարում կենսաթոշակների աճ ապահովելու խոստումով»,- հավելեց նա։









