Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝  պատասխանելով այն հարցին, թե քանի դեռ դատական վճիռ չկա, ինքն ինչպե՞ս է պնդում, որ Գյումրու քաղաքապետը կաշառք է վերցրել։

Ի պատասխան Վարդան  Ղուկասյանի անմեղության կանխավարկածը խախտելու մասին հարցերի՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝  հասականում է, որ լրագրողներն ուզում են կաշառակերությունը պաշտպան դառնալ։

«Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրում։ Երբ ՀԿ-ն և իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում, նշանակում է՝ իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Ես էլ ասում եմ՝ ըստ ՀԿ-ի՝ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Եթե ես չեմ սխալվում, մեղադրանքն ապացուցված է, հետևաբար կաշառակեր է։

Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ և խելագար։ Ես լսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը միաժամանակ հավելեց, որ շատ լավ, նույնիսկ իդեալական է գնահատում Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախօրեին կատարած աշխատանքը։

«Գյումրու քաղաքապետի ձերբակալությունն իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չէ և պատժվելու է: Սա ուղերձ է ոչ միայն ՏԻՄ-երին, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում»,- ասաց նա:

Անդրադառնալով իրավապահների կոշտ գործողություններին և այն դիտարկմանը, որ միայն ընդդիմադիրներին են «փռում ասֆալտին»՝ Ռուբինյանն ասաց․

«Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեկ չեմ տեսել։ Ես իրեն պառկած չեմ տեսել ասֆալտին։ Ի՞նչ է նշանակում՝ ներխուժել. իրավապահ մարմինները գնացել են Գյումրիի քաղաքապետարան եւ քաղաքապետին բերման են ենթարկել»։