«Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք, հիմա ինչ կատարվում է այստեղ, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել՝ այստեղ ես թշնամի չունեմ, մեր թշնամին մեկն է։ Ես պատասխանատու եմ իմ արած բոլոր քայլերի համար՝ ձեր ու ձեր ընտանիքների առաջ։
Մենք ևս մի հայրենիք ունենք, դա ՀՀ-ն է, ու մենք ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ քննարկել այն հարցերը, որոնց համար դուք ինձ մեղադրում եք, ինչ հարցեր ուղղում եք»,- Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ արցախցիներին ասաց ԱՀ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Արցախցի տղամարդիկ, խիստ վրդովված, նույնիսկ վիրավորական արտահայտությունն են հնչեցրել։ Խիստ լարված իրավիճակում Սամվել Շահրամանյանն առաջարկել է. «Ընտրեք ձեր միջից 20-30 մարդ, դահլիճում հանգիստ զրուցենք»։
Արցախցիները ոչ միայն բողոքում են, որ հոկտեմբերի 1-ից լուծարվել են Արցախի բոլոր ՊՈԱԿ-ները և իրենք ոչ նախորդ ամիսներին, ոչ այսուհետև աշխատավարձ չեն ստանալու՝ Արցախից բռնի տարհանված լինելով ու հազարումի խնդիրներ ունենալով, այլև հարց են ուղղում՝ ինչու Արցախի ԱԺ-ն նիստ չի հրավիրում՝ Արցախի լուծարման որոշումը բեկանելու հարցով։
«Ծանո՞թ եք այդ փաստաթղթին, այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որոնք ես հիմա այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք տեղյակ ենք այդ փաստաթղթին դրական և բացասական կողմերից։
Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված Հանրապետությունը, ես տալու եմ սրա պատասխանը՝ Հ1-ի տաղավարում։ Առաջիկայում անդրադառնալու եմ այս բոլոր հարցերին։ Թող ոչ ոքի մոտ կասկած չլինի, որ եթե մենք իմանայինք, որ կարող ենք հաղթել, մինչև վերջ չէինք գնա, մենք խնայել ենք մեր տղաների, քաղաքացիական տղաների կյանքը։ Եթե մեկ ժամ հետո կանգներ պատերազմը, կմտնեին քաղաք»,- ասաց Սամվել Շահրամանյանը։