Վահրամ Փափազյանը Ստեփանակերտում «Օթելլո» է խաղացել։ Գիտե՞ք՝ ի՜նչ մարդիկ են եղել մեզ մոտ, ի՜նչ ներկայացումներ են բեմադրվել։ 92 տարեկան է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը։ 92 տարում 450-ից ավելի ներկայացում է բեմադրել։ Տարեկան 7 պրեմիերա էինք ունենում։ Արցախի գյուղերից պահանջում էին, որ գնանք իրենց մոտ խաղանք։ Լուսնի լույսի տակ էինք խաղում, կտուրներին, ցուրտ եղանակին՝ գոմերում։ Այնքան որ, մարդիկ թատրոն էին սիրում. հիշում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։
Նա էլ իր բախտակից արցախցիների նման բռնի տեղահանվել է Հայրենիքից, թուրքին թողել տունն ու հողը, թատրոնն ու Արցախը։
Հիշում է, որ սովետական տարիներին Ադրբեջանը թույլ չէր տալիս, որ Ստեփանակերտի թատրոնը հայրենասիրական ներկայացումներ բեմադրեր, ճնշումներ էր գործադրում, բայց իրենք, միևնույն է, հայ դասականներին էին բեմադրում, հայրենասիրության կրակը հանդիսատեսի հոգում միշտ վառ պահում։
Հիմա Քաջիկ Հարությունյանն ու Ստեփանակերտի թատրոնի դերասանները դեգերումների մեջ են։ Ոչ տանիք ունեն, ոչ բեմ. եթե նույնիսկ եղած ներկայացումները վերաբեմադրեն, ամեն ինչ պետք է զրոյից սկսեն. ամենաընտիր հագուստներով հանդերձարանը, ներկայացումների դեկորացիաները, ամեն-ամեն ինչ թողել են Արցախում։
Իրենց հետ միայն հիշողություններ են բերել, որոնք ամեն վայրկյան մխում են ու ցավեցնում։