Այս պահին որևէ մասսայական ազատում չի նախատեսվում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում՝ կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի, և շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։
Բնականաբար դա կլինի իրենց նվազագույնը իրենց աշխատանքային պատասխանատվությունը։ Բայց մասնագետները, էներգետիկ համակարգի այն վաստակաշատ գործընկերները, ովքեր որ պիտի այս ընթացքում և առհասարակ հետագայում ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը, մեր հանրապետությունում ապահովեն էլեկտրամատակարարման անխափան աշխատանքը խոշոր բիզնեսին, ՓՄՁ-ներին, քաղաքացիներին, բնակիչներին, միջին վիճակագրական սպառողին, իրենց աշխատանքը մենք հարգում ենք, և ես իրենց պաշտոնապես այս պահին խնդրում եմ և հորդորում եմ իրենց աշխատանքը իրականացնել պատշաճ, աշխատանքային օրենսգրքի, պաշտոնի անձնագրերի պահանջներին համապատասխան։
Որևէ մեկի իրավունքը հանկարծ չոտնահարել, գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այդ թվում նաև, իհարկե, տնտեսվարողի կոմերցիոն շահերի շրջանակում գործել, որովհետև իրենք մասնավոր սեգմենտի աշխատակիցներ են։ Բայց որևէ կերպ տուրք չտալ որևէ սաբոտաժային հնարավոր ցուցումների, որովհետև սաբոտաժը քրեորեն հետապնդելի արարք է, և ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման, որը կբերի ՀԷՑ-ի աշխատանքների տարբեր ծավալի խաթարման, անձնական պատասխանատվության դաշտում՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասաց նա։
Անդրադառնալով կոնկրետ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց.
«Մի բան ակնհայտ է. վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի արած հայտարարությունները, այդ թվում նաև այս գործընթացը կասկածի տակ առնելու մասով, գործընթացի իրավականությունը, լեգիտիմությունը տորպեդահարելու մասով ինձ համոզմունք են տվել, որ վստահության խնդիր կա այստեղ, և ես օգտվելով իմ լիազորություններից, բնականաբար այս պահին արդեն կոչ կանեմ պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է վստահության կորստի հիմքով պարոն Ղազինյանին ազատելու իր այսօրվա կարգավիճակից։
Մյուսների մասով կաշխատենք, կծանոթանանք, կքննարկենք։ Իմ որոշումները լինելու են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր քաղաքացու։ Թափանցիկ գործելաոճ ենք որդեգրելու, ձեզ հետ պարբերաբար շփվելու ենք ՀԷՑ-ում տեղի ունեցած տարբեր երևույթների մասին նախորդ տարիներին, այդ թվում գնումների գործընթացների կազմակերպման, մատակարարումների, սակագնի վրա ազդող այլ գործոնների հետ կապված գործընթացների, որոնց մասով ես, որպես ժամանակավոր կառավարիչ, ունեմ իմ ճանապարհային քարտեզը»։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ-ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել և ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: