2 տարի առաջ՝ ապրիլի 26-ին, Երևանի Պարոնյան-Լեո փոխոցների խաչմերուկում, ժամը 18։05 –ի սահմաններում Փաշինյանի կորտեժի մեքենաներից մեկը հարվածեց Սոնա Մնացականյանին։ Սոնան ընկավ, կորտեժը շարունակեց Փաշինյանին տանել կառավարական ամառանոց։ Ոչ մի մեքենա ոչ այդ ժամանակ, ոչ հետո կանգ չառավ՝տեսնելու, թե ինչ է պատահել Սոնայի հետ։
Մինչև նրան հասցրին հիվանդանոց, մահացավ։ Պարզվեց՝ Սոնան 8 ամսական հղի է։ Երեխան նույնպես մահացել էր։
2 տարի է անցել այդ ողբերգական դեպքից։ Բոլորն ազատության մեջ են։ Գործ է հարուցվել միայն վրաերթի ենթարկած մեքենայի վարորդի՝ «Ծեծեմ Արամ» կեղծանունով ոստիկանության կապիտան Արամ Նավասարդյանի նկատմամբ։ Նա մեկ օր է մնացել ձերբակալված, 2022-ի ապրիլի 29-ին ազատ է արձակվել՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով։
Ապրիլի 26-ի երեկոյան Պարոնյան-Լեո խաչմերուկում, որտեղ ավտովաթարից սպանվել է Սոնան, կատարվեց մոմավառություն, ծաղիկներ խոնարհվեցին Սոնայի ու նրա չծնված երեխայի հիշատակին։
Պարոնյան փողոցում, արարողությունից 2 ժամ առաջ արդեն կանգնած էին ոստիկաններով լցված 4 ավտոբուս ու մի քանի մեքենա։
Իշխանությունները սարսափում են հիշատակի արարողություններից՝ մոմավառությունից ու ծաղկադրումից։