Մեր Հանճարը 155 տարեկան է։
Հոբելյանի առիթով Հայ մեծերի պանթեոն՝ Կոմիտասի շիրմին այցելեցին մտավորականներ, արվեստագետներ, կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրության բացումը, որն անցկացվում է Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։
Ցուցադրության շրջանակում ներկայացվեց շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 4 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից:
Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված են Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին, մեկ առանձին բաժին էլ ներկայացնում է Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս Վարդապետի մտերմությունը՝ նրանց նամակագրության միջոցով։