Հայաստանում մարտի 4-ց մինչ օրս կարմրուկի 46 դեպք է գրանցվել։ Վիրուսը բերովի է։ Չպատվաստված օտարերկրացին կարմրուկով վարակվել է ու եկել Հայաստան, վարակը տարածել։
Հայաստանը կարմրուկի նկատմամաբ 96 տոկոս հանրային իմունիտետ ունի, քանի որ մեր երկրում գործում է պլանային պատվաստումների ծրագիրը, ըստ որի՝ կարմրուկի դեմ պատվաստվում են 1 տարեկանում, այնուհետև՝ 4-6 տարեկանում։
Փաստորեն, 4 տոկոս թիրախային խմբում հենց երեխաներն են, որոնց մեկ տարին դեռ չի լրացել, որպեսզի պատվաստվեն և 4-6 տարեկանները, որոնք դեռ չեն ստացել 2-րդ դեղաչափը։ Իհարկե, 4 տոկոսի մեջ են ներառված նաև ինչ-ինչ պատճառներով չպատվաստվածները։
Դպրոցահասակները, մեծ մասամբ, ապահովագրված են, քանի որ դպրոց ընդունվելու համար նրանցից պահանջվում է պոլիկլինիկայի «26 ձևը», որտեղ նշված է, որ երեխան բոլոր պատվաստումները, այդ թվում՝ կարմրուկինը, ստացել է։ Թեպետ լինում են դեպքեր, երբ ծնողը հրաժարվել է երեխային 1 և մինչև 6 տարեկանում պատվաստել, կամ երեխան այլ պատճառներով պատվաստում չի ստացել։
Շատերը կարմրուկը համեմատում են այլ վիրուսների, օրինակ՝ քովիդի հետ՝ կարծելով, թե եթե ինչ-որ ժամանակ կարմրուկ են տարել, ուրեմն օրգանիզմն իմունիտետ ունի այդ վարակի նկատմամբ։
Պարզվում է՝ ոչ։
Եթե կարմրուկով եք հիվանդացել, ուրեմն դրա վիրուսն ամբողջ կյանքում մնալու է ձեր օրգանիզմում ու նպաստավոր պայմանների դեպքում գլուխ է բարձրացնելու։ Ավելին՝ կարմրուկով վարակվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում, օրգանիզմի իմունհամակարգը թուլանում է և ընկալունակ դառնում թե՛ կարմրուկի, թե՛ այլ վիրուսների նկատմամբ։
Եվ միայն 3 տարուց հետո է օրգանիզմն սկսում աստիճանաբար վերականգնել իմունհամակարգը։
Կարմրուկով վարակվելուց ապահոգավրած են միայն 2 դեղաչափ պատվաստանյութ ստացածները։
Եթե պատվաստվել եք կրկնակի, ուրեմն կարմրուկով չեք վարակվի։ Պատվաստանյութը ամբողջ կյանքում կպաշտպանի ձեզ։
Մարտի 4-ից մինչ այսօր Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստվել է 3000 մարդ. նրանց մի մասը նախկինում չի պատվաստվել, մյուսները չեն հիշում՝ պատվաստվե՞լ են, թե՝ ոչ, ուստի, ապահովության համար, ամեն դեպքում պատվաստում են ստացել։
Հիշեցնենք, որ Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա, կա փոքրիկ բռնկում։