Տիկին Կլարան մեկն է 300 հազար հայերից, որոնք ծնվել ու ապրել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Նա արմատներով Արցախի Մարտակերտի շրջանից է, հայրը 18 տարեկանում տեղափոխվել է Բաքու, ընտանիք է կազմել, ու 1937 թվականին ծնվել է դուստրը։
Կլարա Քոչարյանը 17 տարի աշխատել է Բաքվի թիվ 5 մանկակամ հիվանդանոցում, այդ ընթացքում հերթագրվել է, որ իրեն տուն տան, բայց հայ լինելու պատճառով գործը ձգձգվել է, մինչև որ փաստաթղթերը Մոսկվա է տարել, այնտեղից էլ հրահանգել են, որ նրան 5 սենյականոց բնակարան տան Բաքվում։
Պատմում է, որ Բաքվում հայերին էին վստահված ամենապատասխանատու աշխատանքները, որովհետև նրանք սրտացավ էին, կիրթ ու գրագետ ու աշխատասեր։ Մանկական հիվանդանոցից հետո նա բուժքույր է աշխատել Բաքվի ծննդատանը։
Ադրբեջանում ոչ միայն Իլհամ Աիևի մակարդակով, այլև հանրային տիրույթում՝ սոցցանցեր, մեդիա-դաշտ, կեղծ քարոզչություն են ծավալում, թե իբր Հայաստանն Արևմտյան Ադրբեջանն է, Երևանն էլ Իրևան մայրաքաղաքն է։ Իբր ադրբեջանցիներն այստեղ բնիկներ են եղել, իսկ եկվոր հայերը նրանց արտաքսել են իրենց հայրենիքից ու Երևանից։
Ադրբեջանցիները տեսանյութ են պատրաստել, որտեղ Իռադա Ռիզազադեն սրտաճմլիկ պատմություններ է հորինում Երևանում ադրբեջանցիների բնիկ, իսկ հայերի՝ եկվոր լինելու մասին, հասցեական նշում է Երևանի Ֆիրդուսի փողոցը, որտեղ ինքն ապրել է։ Նա խաբում է՝ ասելով, թե Ֆիրդուսի փողոցում միայն ադրբեջանցիներ են ապրել։
Ֆանտաստիկայի ժանրի նրա պատմության մեջ իբր Երևանում շատ ադրբեջանցիներ են ապրել, հայերը ճնշել են նրանց, սպանել, բռնության ենթարկել, ստիպել ասել, թե Արցախը Հայաստան է։ Նրա նշած Ֆիրդուսի փողոցում, կամ նույն 33-րդ թաղմասում այսօր էլ ապրում են այն հարևանները, որոնք հիշում են ոչ միայն այս ադրբեջանցի կնոջը, այլև ադրբեջանցի մյուս ընտանքիներին, որոնք ընդամենը 4-ն են եղել, ոչ ավելի։
Ֆիրդուսի փողոցն ադրբեջանական հայտարարող Իռադա Ռիզազադեին նույն փողոցից նրա հարևան Ռաֆայել Սաֆարյանը հակադարձում է՝ սուտ է, Ֆիրդուսի փողոցում 4 ընտանիք է ապրել, Ալավերդյան փողոցում՝ ևս այդքան ու վերջ։
Իսկ Բաքվում 300 հազար հայ է ապրել, այնտեղ եղել են բացառապես հայերով բնակեցված ամբողջական թաղամասեր, որտեղից 1990 թվականին ադրբեջանցի հրոսակախմբերը արյունով, բռնությամբ, թալանով, սպանությամբ հայերին վտարել են, բայց արի ու տես, որ ադրբեջանցիները պատմական ճշմարտությունը շուռ են տալիս, մեղադրում մեզ, թե իբր Հայաստանում ապրող ադրբեջանցիներին սպանել ենք։
1988 թվականն էր, Սումգայիթում քաղաքային իշխանությունների անմիջական հրահանգով սկսվել էր հայերի ցեղասպանությունը։ Ջարդերի մասին արդեն խոսում էին նաև Բաքվում։
Մինչ Բաքվում էլ կսկսվեր հայերի սպանդը, տիկին Կլարան Բաքվի իր 5 սենյականոց բնակարանը փորձում է փոխանակել Հայաստանում ապրող որևէ ադրբեջանցու բնակարանի հետ։
Ադրբեջանական տեսանյութի տիկինը ևս մի քանի անգամ Երևանից Բաքու է մեկնել՝ տիկին Կլարայի տուն՝ փորձելով նրան համոզել, որ նա Բաքվի 5 սենյականոցը փոխանակի Երևանի Ֆիրդուսի փողոցի իր երկու սենյակի հետ։
Տիկին Կլարան չի համաձայնել, բայց փոխանակել է նույն Ֆիրդուսի փողոցի մեկ այլ տան հետ, որտեղ ապրում է 1988 թվականից մինչ օրս։
Ադրբեջանցիների պատրաստած տեսանյութը դիտել են նաև Երևանի Ֆիրդուսի փողոցի բնակիչները ու ճանաչել ադրբեջանցի Իռադային, որը մինչև 1988 թվականն ապրել է այստեղ։ Հայ հարևաններն ապշած են՝ ինչպես է այս կինը կարողանում ստել, զրպարտել, անցյալը կեղծել, Երևանը համարել իր «նախնիների հայրենիքը»։
Ոչ ոք չի ժխտում, որ խորհրդային տարիներին Հայաստանում ադրբեջանցիներ են ապրել, այնպես ինչպես Ադրբեջանում են հայեր ապրել, բայց ոչ մի հայ չի ասում, թե Բաքուն իր նախնիների հայրենիքն է, թեև Բաքուն Բաքու են դարձրել հայերը։ Իսկ ադրբեջանցիները հայտարարում են, թե Երևանն իրենց նախնիների քաղաքն է։ Մի հարցնող լինի՝ ո՞ր նախնիների, դուք առհասարակ նախնի ունեցե՞լ եք, եթե պատմության արխիվներն են անգամ վկայում, որ Ադրբեջանն արհեստածին պետություն է, իսկ իրենց ադրբեջանցի համարողները մեկ դար առաջ անվանվել են թուրքեր կամ մուսուլմաններ, որովհետև ազգություն չեն ունեցել, ադրբեջանցի տերմինն էլ առաջին անգամ ձևակեպվել ու օգտագործվել է 1936 թվականին, Խորհրդային Սահմանադրության մեջ։ Խորհրդային տերմինաբանության ջանքերով ձևավորվածներն այսօր հային իր հայրենիքում անվանում են եկվոր, իսկ իրենց՝ ոչ ավել, ոչ պակաս՝ բնիկ։
Մի քանի հարյուր հազար հայ է բռնի արտագաղթել Ադրբեջանից. դա խաղաղ տարհանում չի եղել, այլ ուղեկցվել է սպանդով, թալանով, խոշտանգումներով։ Իլհամ Ալիևն ակտիվացրել է Հայաստանից գնացած ադրբեջանցիների վերադարձի թեման, ադրբեջանցիներն էլ ոգևորվել են, թե գալու են «իրենց ծննդավայրում, հայրենիքում ապրելու»։
Ինչո՞ւ Ադրբեջանից բռնի արտագաղթած մոտ կես միլիոն հայերը չեն հայտարարում, թե ուրեմն իրենք էլ իրե՛նց ծննդավայր՝ Ադրբեջանի տարբեր քաղաքներ ու գյուղեր են վերադառնալու։ Պատճառը պարզ է՝ հոգեբանական. որովհետեև հայերն Ադրբեջանից վտարվելիս անցել են դժոխքի միջով, դրա համար նրանց՝ Ադրբեջան վերադառնալու մտացածին պատկերն անգամ սարսափեցնում է, իսկ Հայաստանում ադրբեջանցիները խորհրդային շրջանում առոք-փառոք ապրել են, առոք-փառոք, անվնաս ու անվտանգ էլ 1990-ականներին հեռացել Հայաստանից։
Երևանի Ֆիրդուսի փողոցի բնակիչները հորդորում են իրենց երբեմնի հարևան Իռադա Ռիզազադեին՝ տիկին, քաղաքականությունը քաղաքականություն, բայց հանուն արդարության՝ մի արատավորեք հայի անունը, մի պղծեք երևանյան այն անցյալը, որով երջանկանալու բախտ եք ունեցել, որը, ի տարբերություն Բաքվի, Սումգայիթի հայերի, ձեզ չի ցավեցնում։