Սինգապուրյան ընկերությունը ներկայացրել է գերժամանակակից մարտական ԱԹՍ՝ 2,593 կմ/ժ արագության հնարավորությամբ

171

Kelley Aerospace ընկերությունը (Սինգապուր) ցուցադրել է իր անօդաչու թռչող սարքերի կոնցեպտներից մեկը՝ Arrow անունը կրող գերձայնային մարտական ԱԹՍ-ն, որն ի վիճակի է զարգացնել 2,1 Մախ կամ 2,593 կմ/ժ արագություն։ Սա նշանակում է, որ անօդաչու սարքը Փարիզ-Նյու Յորք տարածությունը կարող է հաղթահարել ընդամենը երեք ժամում։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում մարտական ​​անօդաչու թռչող սարքերի քանակը կտրուկ բարձրացել է: 2003 թվականին Իրաք ներխուժելու ժամանակ ԱՄՆ-ն ուներ ընդամենը մի քանի անօդաչու թռչող սարք, այսօր, PBS International-ի տվյալներով, ԱՄՆ-ում ռազմական նպատակներով օգտագործվում է ավելի քան 7000 ԱԹՍ:

Arrow-ն աշխարհում առաջին գերձայնային անօդաչու ինքնաթիռն է, որն ունի գերժամանակակից կառավարման համակարգ և ինքնավար թռիչքի տրամաբանություն, ինչի շնորհիվ, ինչպես նախագծողներն են նշում, դառնում է «ահեղ» ԱԹՍ։ Այն մարտադաշտում կկարողանա զգալի առավելություն ապահովել՝ գերճշգրիտ հարված հասցնելով թշնամու կենդանի ուժին ու ենթակառուցվածքներին։ Շնորհիվ իր կառուցվածքի, այս ԱԹՍ-ն հեշտությամբ կարող է խուսափել ռադարների և ինֆրակարմիր սենսորների կողմից հայտնաբերվելուց։

Arrow-ն կարող է կառավարվել մեկ կամ միաժամանակ մի քանի օպերատորների կողմից, ինչպես նաև՝ կատարել ինքնավար թռիչք կամ վերահսկվել ինքնաթիռից՝ շատ կարևոր առաքելությունների համատեքստում:

ԱԹՍ-ն կառուցվել է ածխածնի մանրաթելից պատրաստված մոնոկոկի հիմքով (Monocoque, ֆրանսերենից՝ մեկ պատյան): Այսպիսով, այն շատ թեթև է և կարող է թռչել ավելի քան 4000 կիլոմետր՝ 16,800 կգ առավելագույն քաշով: Ակնկալվում է, որ այն կարժենա ավելի քան 16 միլիոն դոլար, իսկ հիմնական տարբերակի արժեքը կարող է իջնել մինչև 9 միլիոն դոլար:

Չնայած Kelley Aerospace-ի ԱԹՍ-ի բարձր արժեքին, այն արդեն հայտնվել է խոշոր գնորդների ուշադրության կենտրոնում, ովքեր ցանկանում են ձեռք բերել այն՝ բարդ և բարձր ռիսկային առաքելությունների համար։

Ինչպես նշում է Flight Global լրատվականը, https://www.flightglobal.com/aerospace/kelley-aerospace-unveils-supersonic-combat-drone-concept/142635.article ​ Arrow ԱԹՍ-ի երկու նախատիպ արդեն փորձարկվում են ԱՄՆ-ում և Շվեդիայում:

2020 թվականի դեկտեմբերին Kelley Aerospace ընկերությունը հայտնել էր մինչև 250 նոր աշխատատեղ ստեղծելու մասին՝ նոր ԱԹՍ-ի արտադրության համար։ Բացի այդ, հինգ տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի վերապատրաստել շուրջ 500 օպերատորի՝ մարտական ​​գերձայնային անօդաչու թռչող սարքերը վերահսկելու և կառավարելու համար: Arrows-ի նախնական պատվերների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվել: