Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի տեղեկություններով՝ այսօր Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Տավուշի մարզի տարածքների հանձնման քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է, և որ ՊՆ-ն իր հրահանգով զորքը հետ է քաշելու այսօր զբաղեցրած դիրքերից։
«Տեղեկություններ կան, որ Փաշինյանը փորձել է փարատել գյուղացիների մտավախությունը և հաստատել, որ հերթական անգամ Հայաստանում կառուցելու են այլընտրանքային ճանապարհ։ Ասում են՝ հանդիպմանը խիստ ընտրողաբար ներս թողնված գյուղացիներից ոմանք դժգոհություն են հայտնել՝ ասելով, որ իրենց այդ ճանապարհը պետք չէ, իրենք օգտվելու են արդեն եղած ճանապարհից»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Քանանյանը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ այսօր հանրային տրամադրություններում չի տեսնում անհրաժեշտ ներուժ՝ գործընթացների վտանգավոր ընթացքը կասեցնելու համար։
Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքական համապատասխան ղեկավարություն չունենալու պատճառով բանակը չի կարողանալու կատարել երկիրը պաշտպանելու իր պարտավորությունը, քանի որ անհնար է պաշտպանել մի երկիր, որ գերագույն գլխավոր հրամանատան ի սկզբանե պատրաստ է ամեն ինչ հանձնել և զիջել։
«Նիկոլ Փաշինյանը չի հանձնվում։ Նա գիտակցում է, որ տապալել է ամեն հնարավոր բան։ Թերևս նրա նպատակն ի սկզբանե ամեն բան տապալելն էր, բայց մյուս կողմից հասկանալի է, որ նա այլընտրանք չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությանը թշնամի բոլոր պետությունների ղեկավարներին հստակ խոստումներ է տվել՝ շարունակելու իր հանձնողական քաղաքականությունը։
Նիկոլ Փաշինյանը հետադարձի ճանապարհ չունի, բայց ուզում է հասարակությանը և պատմությանը համոզել, որ ինքն ամեն ինչ հանձնում է՝ հանուն հայության գերագույն ակնկալիքի՝ թուրքերի բարեհաճությամբ իրավազուրկ ապրել գետտո դարձած 29 հզ ք/կմ տարածքում»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Տավուշի մարզ՝ ոսկեպարցիների և այլ բնակավայրերի բնակիչների հետ քննարկելու սահմանազատման աշխատանքներին վերաբերող հարցեր։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն, ArmLur.am-ի հետ զրույցում, մանրամասներ հայտնելով հանդիպումից, պատմել է, որ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ 90%-ով համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի հետ՝ մենք մեր տարածքում մնալու ենք նույն դիրքերում.
«Փաշինյանն ասել է՝ մի հատվածում միայն կարող է տարածքի փոխանակում անենք՝ համարժեք, այսինքն՝ այնպիսի փոփոխություն, որ միջպետական ճանապարհը մնա մեր վերահսկողության տակ:
Մինչ Ոսկեպար հասնելը մի տարածք կա, որը, ըստ իրենց, ԽՍՀՄ քարտեզով է ադրբեջանական, հիմա ասում են՝ դա մնա մեր վերահսկողության տակ, եռակյունի հատվածը համարժեք փոխանակում արվի, այսինքն՝ կա համաձայնություն, որ դիրքերի փոփոխություն չի լինելու»:
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին նաև ասել է՝ Ոսկեպարի գնացող այլընտրանքային ճանապարհ կկառուցենք, սակայն բնակիչները չեն համաձայնվել.
«Մարդիկ, բնականաբար, գլխի են ընկել, որ սա միակողմանի զիջման համար նախապատրաստական աշխատանք է, ասել են՝ դեմ ենք, թույլ չենք տա, Փաշինյանն էլ ասել է՝ լավ, չենք կառուցի: Նա ասել է նաև, որ դիրքերում երկու կողմից էլ սահմանապահներ կլինեն, այսինքն՝ բանակ չի լինի»,-պատմել է Պետրոսյանը։