Դաշտում տեսնում եմ ուժեր, որոնք բավարար ռեսուրս ունեն, բայց չեն կարողանա միասնական դաշինքով մասնակցել Երևանի ավագանու ընրություններին։ Կարծում եմ՝ առնվազն պետք է լինի երկու դաշինք, բայց ոչ երբեք՝ անձ-կուսակցություններ, որոնք 0,5-1 տոկոս ձայներ կհավաքեն, և ձայների փոշիացում տեղի կունենա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Ձայների փոշիացումն ընդդիմության համար վերջը կլինի, այսինքն՝ ավագանու ընտրություններին ճիշտ կլինի գնալ հնարավորինս խոշոր բլոկներով։ Այդ ուժերը հետո կմիացնեն իրենց ձայները, կհամագործակցեն։
Պետք է լինի ոչ թե 15 կուսակցություն՝ յուրաքանչյուրը 0.5 տոկոս ձայն «պոկելու» համար, այլ պետք է լինի թեկուզ երկու ուժ, որոնք կսատարեն իրար։ Այդ ուժերը հետագայում պետք է միանան, և հաղթած ուժն օգտագործի իրեն սատարած կուսակցությունների ինտելեկտուալ ռեսուրսները՝ կարող մարդկանց ընդգրկելով քաղաքի կառավարման մեջ»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Հարցին՝ իր կարծիքով կա՞ Երևանի քաղաքապետի թեկնածու, որն առավել արդյունավետ կկառավարի մայրաքաղաքը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ քանի դեռ հայտնի չեն Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուները, դժվար է որևէ պնդում անել։
«Բայց իհարկե, ովքեր էլ լինեն, հաստատ Տիգրան Ավինյանից լավ կղեկավարեն, որովհետև Տիգրան Ավինյանը գաղափարապես դատարկ է։ Ես երեկ դա ապացուցեցի ավագանու դահլիճում. դիմել էի Քաղաքաշինության կոմիտե, կետերով վկայակոչում էի Երևանին առնչվող շատ լուրջ խնդրի՝ կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ի պատասխան՝ անձնավորված պատասխան լսեցի՝ «Բա ինչո՞ւ Հայկ Մարությանի ժամանակ չէիք ասում»։
Նման մարդը ո՞նց կարող է քաղաք ղեկավարել, ով էլ լինի՝ Ավինյանից լավ կղեկավարի. դրանում կասկած չունեմ»,- հարց հնչեցրեց Իզաբելլա Աբգարյանը։
Երևանի ավագանու անդամը միաժամանակ ընդգծեց՝ երևանցիները շատ վատ են պատկերացնում ավագանու ընտրությունների տրամաբանությունը։
«Երևանցին տեսնելու է ՔՊ-ի ցուցակը և չի հասկանալու, որ ոչ միայն առաջին համարի դերն է կարևոր։ Մենք տեսանք, որ առաջին համարին շատ հանգիստ փոխեցին։ Այսինքն՝ եթե անգամ Ավինյանն ընտրվի Երևանի քաղաքապետ, բայց կուսակցությունում որևէ մեկի հետ խնդիր ունենա, նրան կարող են շատ հանգիստ հանել՝ փոխարնը բերելով իրենց սրտի մեկ այլ թեկնածուի։ Քաղաքական ուժերն պետք է բացատրեն այդ տրամաբանությունը, որպեսզի մարդիկ չթերագնահատեն ավագանու ցուցակը»,- ամփոփեց ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել՝ եթե ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, Ավինյանը շանս չի ունենա։