ՀՅԴ արտաքին քարտուղարությունը ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը, որում ասված է.
«Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի և մի քանի ամիս ձգվող շրջափակման։ Հայաստանից սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրականության մատակարարումներից զրկվածությունն արագորեն հանգեցնում է տարածաշրջանում սովի և հումանիտար աղետի իրավիճակի։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը, 2023թ․ հունվարի 9-ից Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագծի խափանումը, 2023թ․ մարտի 21-ից գազի մատակարարումների խափանումը և ավելին՝ 2023թ․ հունիսի 15-ից ամբողջական շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի կենսապայմանների վրա աղետալի ազդեցություն ունեն։
Մենք նկատի ենք առնում այն, որ 2023թ․ հունիսի 15-ից սննդի, դեղորայքի և այլ առաջնային ապրանքների մատակարարումը, ինչը նախկինում արվում էր ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից դադարեցվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում։ Այս շարունակական շրջափակումը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող իրավականորեն պարտադիր կատարում ենթադրող որոշումները։
Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես անհանգստացած է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգներից՝ բարձրացված հեղինակավոր մասնագետների և համապատասխան ինստիտուտների կողմից, ինչպիսիք են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։ Մենք նաև Հայաստանի և Ադրբեջանի մեր անդամ կուսակցություններին հորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծումը։
Մենք միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում արագացնել ջանքերը՝ հորդորելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։
Համերաշխությամբ՝ հանուն առաջընթացի»։