Թուրքիայի հետ հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, լավ մակարդակի վրա են, Կրեմլում Թուրքիայի դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ria.ru-ն:
«Ռուսաստանի գործընկերությունը Թուրքիայի Հանրապետության հետ բարձր մակարդակի վրա է և հիմնված է տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության բազմամյա փորձի վրա: Երկու կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Բոլոր առանցքային երկկողմ հարցերը նախագահ Էրդողանի հետ մեր կանոնավոր շփումների օրակարգում են»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում։
«Կցանկանայի հատկապես նշել, որ ռուս-թուրքական համագործակցությունն էներգետիկ ոլորտում իսկապես ռազմավարական է, «Ռոսատոմ»-ը շարունակում է կառուցել Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույու»-ն: Գազի ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվել «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շահագործման շրջանակում։ Աշխատանքներ են տարվում Թուրքիայում գազի բաշխման հանգույց ստեղծելու ուղղությամբ»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև մատնանշել է Թուրքիայի հետ այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։
«Մենք դեռ շատ այլ հետաքրքիր նախագծեր, համատեղ ձեռնարկումներ ունենք, այդ թվում՝ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը։