Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
-Պարո՛ն Իշխանյան, որպես իրավապաշտպան՝ մարդու իրավունքների տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք արցախահայության՝ հնարավոր «վերաինտեգրման» վտանգները։ Ի՞նչ է սպասվում 120 հազար մարդու՝ թշնամու հետ նույն հողում ապրելու դեպքում։
-Ձեր հարցին պատասխանելու համար, բնավ կարևոր չէ իրավապաշտպան լինելը։ Ցանկացած՝ քիչ թե շատ պատմություն իմացող և տրամաբանություն ունեցող մարդու համար պարզից էլ պարզ է, որ այլևս Ադրբեջանում հայ մարդն ապրել չի կարող։ Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին, երբ կենտրոնից ամեն ինչ վերահսկվում էր, Ադրբեջանը հետևողականորեն տանում էր իր հակահայ քաղաքականությունը։ Դրա վառ օրինակն է, Նախիջևանի հայազրկումը։
Արդեն 80-ականներին Նախիջևանում մնացել էին մեկ-երկու հայկական գյուղեր։Արցախում այդ 70 տարիների ընթացքում հայ բնակչության թիվը 90 տոկոսից կրճատվեց մինչև՝ 70-ի։ Ադրբեջանին չհաջողվեց ինչպես Նախիջևանի հայությանն, այնպես էլ արցախահայությանը տարբեր մեթոդներով արտաքսել՝վերջիններիս համառության շնորհիվ։ Իսկ արդեն անկախ Ադրբեջանը, մանավանդ արցախյան շարժումից հետո, չի հանդուրժի հայ տարրի ներկայությունը։
Հաշվի առնենք, որ երկար տարիներ՝ մանկապարտեզներից, դպրոցներից սկսած՝ Ադրբեջանում մոլեգնում է հակահայ քարոզչությունը։ Միայն հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչպիսի հակահայկական մթնոլորտ է տիրում Ադրբեջանում։ Այնպես որ, եթե հրաշք չլինի, ապա արցախահայությանը լավագույն դեպքում սպասվում է զանգվածային արտագաղթ։
-Այս իրողությունները հրաշալի իմանալով հանդերձ՝ ինչո՞ւ են ուրեմն ՀՀ իշխանությունները շարունակաբար հայտարարում, որ արցախցիների և ադրբեջանցիների համակեցությունը լրիվ հնարավոր բան է։
-Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների խոսքերին, թե արցախահայության և ադրբեջանցիների համակեցությունը հնարավոր է Ադրբեջանի տիրապետության տակ, ապա չեմ կարծում, որ նրանք այդքան, ներեցեք, ապուշ լինեն։ Համոզված պնդում եմ, որ վարչապետ կոչեցյալը, արտգործնախարարը, ԱԺ փոխխոսնակներից մորուքավորը, ԱԽ քարտուղարը և էլի որոշ քպ-ականներ հավաքագրված գործակալներ են եղել, որոնց տրվել է առաջադրանք՝ տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին, որի առաջին հանգրվանը Արցախի հանձնումն է։
Եվ Հայաստանի իշխանությունը հետևողականորեն իրականացնում է իր տերերի առաջադրանքը՝ թքած ունենալով հայրենակիցների ճակատագրի վրա։ Այսպիսով , երիտքպ-ականները, հանուն փողի և վայելքների, պատրաստ են վաճառել հայրենիքը և հայրենակիցների ցեղասպանության համահեղինակը դառնալ։
-Պարո՛ն Իշխանյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում, որ Արցախում քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չկա։
-Ինչպես վերը նշեցի, այդ արարածն իրականացնում է, իր տերերի կամքն ու հանձնարարականները, թքած ունենալով արցախահայության ճակատագրի վրա։ Ադրբեջանի հարձակումից հետո նա հայտարարեց, որ նպատակը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն է, որը չի լինի։ Պատկերացնում եմ, թե ինչպես է ողջ աշխարհը զարմացել այդ խոսքերի վրա և արհամարհանքով լցվել ողջ հայ ժողովրդի հանդեպ։ Այնտեղ կոտորում են քո հայրենակիցներին, իսկ դու ասում ես, որ դա քեզ չի վերաբերվում։ Խայտառակություն։ Նա նաև հայտարարեց, որ 40 000 կացարաններ են պատրաստել գաղթականների համար։ Այսինքն, ինչպես միշտ, ստում է և ինքն իրեն հակասում։
-Ի՞նչ պիտի անեն մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները՝ պաշտպանելու արցախցիներին։ Թե որևէ միջազգային մեխանիզմ ունակ չէ զսպելու ադրբեջանցիների հայատյաց քաղաքականությունը։
-Ես զարմանում եմ, որ հայ ժողովուրդն այսքան փորձություններից հետո դեռ հույսեր է փայփայում ինչ-ինչ միջազգային կառույցների, միջազգային հանրության հետ։
Հիշեցնեմ՝ 19-րդ դար, սուլթան Համիդի կոտորածներ, 20-րդ դար՝ Ադանայի, 1915-1923թթ․ կոտորածներ, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդեր, Գետաշենի, Մարտունաշենի, այլ պատմական հայկական բնակավայրերի հայրենազրկում և վերջապես 21-րդ դար՝ ողջ աշխարհի աչքի առաջ, ամիսներով Արցախի շրջափակում, հարձակում, կոտորած․․․
Այդպես էլ չհասկացանք, որ միջազգային կոչվող հանրությունը, ոչ թե շարժվում է իր հռչակած մարդասիրական սկզբունքներով, այլ պրագմատիկ շահերով։ Այդ նույն միջազգային կառույցների ղեկավարներ՝ Շառլ Միշելը, Ժոզեֆ Բորելն ու մյուսներն իրականում չոր, եթե պետք է՝ ժպտերես, դաժան չինովնիկներ են։
Միջազգային կոչվող իրավունքը գործում է բազմակի ստանդարտներով, հաշվի առնելով իրենց պետական շահն ու հարգելով միայն ուժի գործոնը։