Հնդկական India Narrative կայքն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին. գրում է կայքը։
«Ես ներկայացրեցի Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնեցին Հնդկաստանին միջազգային հարթակներում արտահայտած հստակ դիրքորոշման համար: Ես նաև իմ գործընկերոջը հրավիրեցի պաշտոնական այց կատարել Հայաստան»,- ասել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը:
Կայքն անդրադարձել է մաև Հայաստանի՝ իր հարևան պետությունների հետ հարաբերություններին՝ նշելով. «Քանի որ Թուրքիան և Պակիստանը ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ձգտում է ամուր ռազմավարական համագործակցություն հաստատել Նյու Դելիի հետ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2020 թվականին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է զինամթերքի հայտնաբերման 4 Swathi ռադար՝ ընդհանուր 40 միլիոն դոլար արժեքով: Այդ պահից սկսած՝ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական նորագույն ռազմական տեխնիկայի, մասնավորապես, Pinaka հեռահար հրթիռային համակարգերի, ATGM հակատանկային կառավարվող հրթիռների և Akash զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ»։
Նշենք, որ պետական մակարդակով վերջերս հայտարարվեց Հայաստանի և Հնդկաստանի միջև 250 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագրի կնքման մասին: