Ակնհայտ երևում է, թե ինչ անորակ ասֆալտապատում է մայրաքաղաքում կատարվում։ Միայն այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով՝ թվով 3-րդ փոսանորոգման աշախատանքներն են իրականացվում, ինչի համար, բնականաբար, գումարներ են հատկացվում, և անորակ աշխատանքներ են կատարվում. հենց դա կոռուպցիոն տարրն է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։
«Ըստ իս՝ Տիգրան Ավինյանի փոխարինումն իրավիճակ կփոխի։ Քանի որ իշխանությունը քաղաքապետարանում մեծամասնություն է կազմում, ծրագրերը հաստատվում և ընդունվում են։ Իհարկե, շատ հարցեր քաղաքապետարանի տիրույթում չեն գտնվում, բայց պետք է ընդունենք, թե, օրինակ, ջրատարները կամ հեղեղտըարներն ինչի հետևանքով չեն աշխատում. դրանք խցանվում են, ներսում լինում է աղբ։ Իսկ աղբը որտեղի՞ց է գալիս. շրջակա միջավայրից։ Այսինքն՝ քաղաքն աղտոտված է, և քամին ու անձրաջրերն աղբ են բերում։ Իսկ աղբ մաքրելը հենց քաղաքապետարանի ստորաբաժանումների գործառույթն է»,- ասաց բանախոսը։
Ասուլիսին ներկա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն իր հերթին հավելեց, որ մինչև Երևանի քաղաքապետի պաշտոնին նշանակվելն Ավինյանը ձախողել է բոլոր նախորդ զբաղեցրած պաշտոնները։
«Կարելի է հիշել ԱՆԻՖ-ում (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) նրա զբաղեցրած պաշտոնը, երբ տեսանք՝ արդյունքը որն է։ Ներդրումները խթանող կազմակերպությունն ի վերջո փակվեց, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ Ավինյանը հիմնավորում էր, որ ԱՆԻՖ-ը լավ է աշխատել։ Լրիվ детский сад: Հիմա այդ մարդը փորձում է կառավարել Երևան քաղաքը, և տեսնում ենք, թե ինչ տոտալ կատաստրոֆիկ վիճակում է մայրաքաղաքը։
Քաղաքապետը 80 տոկոս ժամանակը պետք է լինի դրսում՝ վարչական շրջաններում, ոչ թե ամեն մեկն իր կաբինետում նստի և փորձի կառավարել»,- նշեց Արամ Նավասարդյանը։
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանն էլ ընդգծեց, որ ենթակաները շատ հարցեր սխալ են զեկուցում քաղաքապետին։
«Օրինակ՝ վերջին խայտառակ զեկույցն այն էր եղել, որ գազի կամարաձև խողովակը հանել են, բայց ես գնացի ու տեսա, որ չեն հանել։ Այսինքն՝ նման հարցերը նրան սխալ են զեկուցում, խաբում են։
Մի կարևոր դեպք էլ. Ավինյանին անցած շաբաթ զեկուցել են, որ Տորք Անգեղի արձանի հարակից տարածքում աշխատանքները 3 շաբաթ առաջ մեկնարկել են, Հանրային հեռուստաընկերությամբ այդ մասին ռեպորտաժ է ներկայացվում։ Բայց ես գնում և նկարահանում եմ, ցույց եմ տալիս, որ այդտեղ ոչ մի տեխնիկա և աշխատուժ չկա, ուղղակի շինարարներին բերել են, ասել՝ «ձև բռնեք, որ գործ եք անում»՝ հանրությանը ցույց տալու, որ սխալ չեն զեկուցել »,- ասաց նա։