Azg.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
-Պարո՛ն Մելիքյան, 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։ 2018 թվականի ապրիլին այդ երկրում կայացած ընտրությունները նույնպես արտահերթ էին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը՝ կրկին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով։
-Արտահերթ ընտրությունների համար երկու հիմնական պատճառ կա՝ ժողովրդավարական պետություններում դրանք կազմակերպվում են իշխանական համակարգը հրատապ թարմացնելու միջոցով ներքաղաքական ճգնաժամ հաղթահարելու համար, իսկ բռնապետական ռեժիմներն այդ քայլին են գնում բռնապետի իշխանության հերթական երկարաձգումն ապահովելու և արդարացնելու նպատակով։
Բռնապետերի կողմից սա բազմիցս գործնականում կիրառված հնարք է՝ ասվում է, որ սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման ժամկետն ընդհատվել է դրա ավարտից շուտ ու, հետևաբար, բռնապետ նախագահն իրավունք ունի նոր ընտրությունների մասնակցել։ Իսկ Ալիևի պարագայում սա կարող է նաև արտաքին քաղաքականություն փոխելու նախապատրաստության տարր լինել։
-Օրերս Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Հայաստանը պետք է մոռանան Ղարաբաղը»։ Նա նաև նշեց՝ Բաքուն երաշխիքների կարիք ունի, որ նոր պատերազմ չի լինի, և Հայաստանն ամբողջությամբ կընդունի գործող իրավիճակը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ երաշխիքների է ձգտում Ադրբեջանը։
-Արցախի մասին հիշողության հիմնական կրողը մնալու է արցախցին։ Հենց նա է իր նախնյաց կողմից ժառանգված հողի իրական տերը։ Ալիևն այս կյանքից կհեռանա, փոշի կդառնա, բայց արցախցի հայի իրավունքը կպահպանի իր կենդանի ուժը։
-Պարո՛ն Մելիքյան, Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների կեղծ դատավարությունները։ Ըստ այդմ՝ամիսներ առաջ Ջերմուկի դիրքերից ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոստկանյանն այսօր դատապարտվեց 18 տարվա ազատազրկման։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ պաշտոնական Երևանը բավարար ջանքեր չի գործադրում սեփական քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, այլ լուռ հետևում է հերթական կեղծ դատավարությանը։
-Արդեն հայտնի է, որ ադրբեջանական կողմը 32 հայ զինծառայող է վերադարձնելու Հայաստան՝ ՀՀ-ում դատապարտված երկու ադրբեջանցիների դիմաց։ Այս որոշումը կրկին բոլորը բոլորի դիմաց բանաձևով չի իրականացվում, քանի որ Բաքվում դեռևս պատանդ կմնան տասնյակ հայ պատանդներ։ Հավանաբար, այս փոխանակումն առավել ընդգրկուն պայմանավորվածությունների փաթեթի մասն է կազմում։
-Պարո՛ն Մելիքյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն նախօրեին կրկնեց օրեր առաջ հայտնած իր այն միտքը, որ չի բացառվում՝ ինչ-որ պահի հայեր կարողանան բնակություն հաստատել Ադրբեջանում, ինչպես որ ադրբեջանցիները՝ Հայաստանում։ Որքա՞ն հնարավոր եք համարում նման սցենարը, ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանն այս պահին անդրադառնում այդ թեմային։
-Դատելով հայաստանյան իշխանությունների՝ հայ փախստականների հարցով որդեգրած պահվածքից՝ կարելի է ենթադրել, որ արցախցի հայերի՝ Արցախ վերադարձի խնդիրը փոխկապակցվելու է նախկինում հայաստանաբնակ ադրբեջանցիների ու նրանց սերունդների՝ Հայաստանում վերաբնակվելու պահանջի իրագործման հետ։ Եթե այդպես է, ապա կարող են կրկին անտեսվել Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի և այլ քաղաքների բնակիչ հանդիսացած ու ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների իրավունքները։
-Ալեն Սիմոնյանը նաև հայտարարեց, որ եթե Ադրբեջանի իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի կնքել արդեն առաջիկա 15 օրերի ընթացքում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է օրենսդիրի ղեկավարին նման դիրքորոշում հայտնելու հիմքեր տալիս։
-Տեսանելի է, որ պաշտոնական Երևանը հենց այս րոպեին պատրաստ է ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը, մինչդեռ ադրբեջանական կողմը դեռևս չի ամբողջականացրել Հայաստանի հանդեպ ունեցած իր պահանջները։ Ըստ այդմ՝ ադրբեջանական պահանջների հերթական փաթեթին համաձայնություն տալով է վարչապետ Փաշինյանն ապահովում բանակցային առաջընթացը։