Նիկոլ Փաշինյանն ամենևին պատահական չի կազմակերպել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ և Էկոնոմիկայի փոխնախարարի կալանավորումները։ Սրանով նա նախ ցանկանում է հանրությանը համոզել, որ իր իսկ խոսքերով՝ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» , այդ թվում՝ անգամ յուրայիններին չի խնայելու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Փաշինյանն ուզում է ասել, որ «Տեսե՛ք, իմ հարազատ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն էլ եմ կալանավորում և երկու մասով բանտ ուղարկում՝ չնայած այն հանգամանքին, որ նա երկու մանկահասակ երեխա ունի»։
Բայց ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, և Փաշինյանն այս մեսիջով վերջինիս հասկացնում է, որ իրեն շատ զուսպ և խելոք պահի, չհամարձակվի այնպիսի քայլեր կատարել, որոնք դեմ են իրեն և նրա իշխանությանը։ Փաշինյանը ուղերձ է հղում Սիմոնյանին, որ հաջորդ քայլերը կարող են ավելի դաժան լինել։
Իհարկե, սա ենթադրություն է, սակայն դիտարկելով Փաշինյանի՝ մոտ 6 տարվա կառավարման փորձը՝ ես հասկացել եմ՝ նրա համար իշխանությունից վեր ոչինչ չկա։ Այս մարդը, չզարմանաք, որ զոհաբերի նաև իր ընտանիքի անդամներին՝ կնոջն ու երեխաներին, միայն թե պահպանի իր իշխանությունը»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ անձի, ում համար պաշտոնից վեր ոչինչ չկա, իր թիմակիցներն ընդամենը գործիք են՝ պահպանելու իշխանությունը, իսկ սխալվելու դեպքում՝ շատ խիստ պատժվելու։
«Ես, որպես ՀՀ քաղաքացի, տեսնում եմ, թե վերջին 6 տարիների ընթացքում ինչպես է գործում Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը։ Կարող եմ ասել, որ որևէ արդարության մասին խոսք չկա։
Շատ պարզ օրինակ բերեմ. ես աշխատում եմ Շիրակի պետական համալսարանում։ Ժամանակին ես և իմ գործընկերը պատժվել ենք նախկին իշխանությունների կողմից, քանի որ բարձրաձայնել ենք իրենց մտերիմ ռեկտորի անօրինակականություններն ու հանցագործությունները։ Բայց Փաշինյանի իշխանության գալով՝ բուհում ապօրինի գործունեություն ծավալած անձանց նկատմամբ որևէ ձևաչափով մեղադրանք չի ներկայացվել։ Ամեն ինչ արվում է՝ հանցագործությունները ծածկադմփոց անելու և գործը փակելու ուղղությամբ»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Մեր զրուցակիցը մատնանշեց մի քանի օրինակ՝ նախ, Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին դեռ 2019 թվականի սեպտեմբերին մեղադրանք է առաջադրվել՝ Արթիկի թիվ 2 և թիվ 4 դպրոցների տարածքներն ապօրինի կերպով սեփականաշնորհելու համար, սակայն առ այսօր գործը դատարան մուտք չի գործել, և նշված անձը պատիժ չի կրել։
«Ի՞նչ արդարության մասին է խոսքը։ Սահակ Մինասյանն այլևս ռեկտոր չէ, բայց շատ ազատ շրջում է։ Անձն, ում ռեկտոր եղած ժամանակ բուհում մատուցվել են կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր, չի պատժվել, անձը, որի կառավարման տարիներին համալսարանն ընդամենը մեկ տարի և տասն ամսվա ընթացքում 750 միլիոն դրամի վնաս է կրել, չի պատժվել, անձը, որն իր թիմակիցների հետ ոչնչացրել է բուհի գրադարանի մոտ 75 տոկոսը, մինչ այժմ չի պատժվել։ Այսպիսի բազմաթիվ հանցագործություններ, այնպես որ որևէ մեկը չհամարձակվի ինձ համոզել, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում արդարություն կա։
Ի դեպ, ըստ Գյումրիում պտտվող լուրերի՝ քրեական պատժից խուսափելու համար Սահակ Մինասյանը 250 հազար դոլար է «մուծվել» Փաշինյանին, որպեսզի ինքն այսպես ազատ-անկախ ման գա, իսկ իր գործած հանցագործություններն էլ չբացահայտվեն։
Եվ հիմա հանկարծակի Նիկոլ Փաշինյանը, նախկիններին չպատժելով, պատժում է իր յուրայիններին»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։