Ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չեն կատարում, և հենց դրա արդյունքում է առաջ գալիս Արցախում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման անհրաժեշտությունը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կառավարության այսօրվա նիստում հնչեցրած համանման հայտարարությանը։
Նրա խոսքով՝ առկա են բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են, որ ռուսական զորակազմը չի կատարում իրեն վերապահված ֆունկցիաները։
«Կարծում եմ՝ եթե նրանք իրենց ֆունկցիաները կատարեին, մենք Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 3 ոստիկան չէինք կորցնի (նկատի ունի մարտի 5-ին Արցախում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման արդյունքում զոհված 3 ոստիկանին՝ խմբ.)։ Սա այն դեպքում, երբ թշնամին 1 կմ մտել է Արցախի տարածք՝ այն տարածք, որի համար պատասխանատվություն են կրում կամ ավելի ճիշտ՝ չեն կրում ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ ֆունկցիաները չեն կատարում. դա փաստ է»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։
Դավիթ Ստեփանյանը նաև շեշտեց՝ միջազգային փաստահավաք առաքելությունը Լաչինի միջանցքում և Արցախում կարող է տեղակայվել այն նույն հիմունքներով, որոնցով տեղակայված է ՀՀ տարածքում։
«Մենք պետք է հիշենք, որ համարյա թե ամբողջ ՀՀ սահմաններին կա ռուսական ռազմական ներկայություն՝ և՛ Թուրքիայի, և՛ Նախիջևանի, և՛ Ադրբեջանի հետ սահմաններին։ Կարծում եմ, որ այդ նույն ձևով նրանք կարող են աշխատել նաև Արցախում։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց քաղաքագետը։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ եթե Հայաստանը գործուն քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից, այն է՝ Արևմուտքից, դա ենթադրում է պատասխան գործուն քայլեր իր իսկ կողմից։
«Մենք պետք է գործուն քայլ անենք, որպեսզի ի պատասխան ստանանք գործուն քայլ Արևմուտքից։ Մենք արեցինք գործուն քայլ՝ հրաժարվեցինք ՀԱՊԿ-ի զորավարժություններից Հայաստանի տարածքում, Երևանում չստորագրեցինք այդ թղթի կտորը, որը մեր դիմաց դրեցին. խոսքը ՀԱՊԿ-ի դեկլարացիայի մասին է, որտեղ Ադրբեջանի արարքները որևէ կերպ գրավոր գնահատական չէին ստացել։
Կարծում եմ՝ այսքանն արդեն իսկ բավական է, որ միջազգային հանրությունը՝ ավելի ճիշտ ԵՄ-ն, Արցախ ուղարկի այդ առաքելությունը։
Եթե մի քանի ամիս առաջ սրա մասին խոսեինք, բոլորը կասեին՝ ինչպե՞ս է նման բան հնարավոր։ Բայց, ինչպես ասում են, չլինող բան չկա. քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ուզում եմ շեշտել, որ միայն ու միայն Հայաստանի կողմից գործուն քայլերի շարունակականության դեպքում մենք կարող ենք ապահովել այդ ներկայությունը նաև Արցախում։ Զուտ կոչերով և խնդրանքներով մենք դրան չենք հասնի»,- ասաց Ստեփանյանը։