ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարությունը միանգամայն խայտառակություն է։ Այդ հայտարարությամբ երեկ լեգիտիմացվեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի 2020 թվականի ագրեսիան, լեգիտիմացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմիկց առ այսօր կատարվող հանցավոր քայլերը, այդ թվում՝ Արցախի պաշարումը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ խաղալու ժամանակը չէ, արցախյան կողմն իր հերթին պետք է շատ հստակ հայտնի իր դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում երեկ կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 կմ/ք և Ադրբեջանի՝ 86600 կմ/ք համապատասխան տարածքային ամբողջականությանը:
«Փաստորեն Շառլ Միշելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան այդ ամենի ներում, արդարացում։ Ավելին՝ կարելի է մտածել, որ նույն Միշելը և նրա նմանները գոտեպնդում և քաջալերում են ագրեսորին։
Միշելը նույնացվեց Չեմբեռլենին, 1938 թվականի խայտառակ մյունխենյան դավադրությանը, երբ ժողովրդավարական Չեխոսլովակիան հանձնեցին նացիստական Գերմանիային։ Միշելը նմանվեց Չեմբեռլենին և Հիտլերին. նրանց միջև ոչ մի տարբերություն չկա։
Թող այլևս ժողովրդավարության մասին բերաններն անգամ չբացեն։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք ժողովրդավարությունն իրացնում։ Մյուս կողմից մենք շնորհակալ ենք ԵՄ խորհրդի նախագահին, որ նա ճշմարտությունը բացահայտեց, իրենց պատկերացումը բացահայտեց»,- ասաց Դավիթ Բաբայանը։
ԱՀ նախագահի խորհրդականը շեշտեց՝ եկել է պահը՝ վերջնական պատասխան ստանալու Հայաստանից։
«Պետք է հասկանանք՝ եթե Շառլ Միշելը նման հայտարարություն է անում, այն իրո՞ք համապատասխանում է իրականությանը, թե չի համապատասխանում։
Մենք մի շարք հարցեր ունենք նաև Միացյալ նահանգներին և Ռուսաստանին, որպեսզի տեսնենք հավաքական Արևմուտքի, Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները, որ տեսնենք՝ Արցախը ո՞րբ է, թե մայր, քույր կամ եղբայր ունի»,- ասաց Դավիթ Բաբայանը։