Այս պահին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հարակից զբոսայգում ընթանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրավիրած ինքնաբուխ ակցիան։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա վերլուծել է ներհայաստանյան քաղաքական իրավիճակը։
«Մենք այնպիսի դրության մեջ ենք, որ հանրությանը իրավիճակի մասին տեղեկացնելու լավագույն միջոցը համարում ենք այսպիսի ակցիաները»,-ասաց Վարդևանյանը։
Խմբակցության ներսում մանդատները վայր դնելու մասին խոսակցություններ կա՞ն արդյոք և ի՞նչ դիրքորոշում ունեն ընդդիմադիր պատգամավորները. Արամ Վարդևանյանն այն կարծիքին է, որ մանդատները պետք են, որպեսզի ընդդիմությունը մասնակցի քաղաքական գործընթացներին։
Ազգային ժողովում ստեղծված իրավիճակը, հատկապես ընդդիմադիր պատգամավոներին պաշտոններից զրկելուց հետո, փաստաբան-պատգամավորը հակասահմանադրական է համարում։
Սահմանադրության խախտում է, որ ընդդիմությունը չունի փոխխոսնակ. նշեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին խորհրդարանական ընդդիմությունը հրավիրել էր ԱԺ արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
Առաջարկվում էր, որ Ազգային ժողովը հայտարարի՝ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն է։ Սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ՝ որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը։
«Իշխանությունները ընդդիմադիրներին մանդատներից զրկելուց էին խոսում, թող այդ պրոցեսը սկսեն Արամ Վարդևանյանից։ Հունիսի 3-ին իշխանական պատգամավորները պետք է մասնակցեին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին և ընդունեին մեր տարածած հայտարարությունը։ Մենք մեր մանդատներն էլ վայր կդնենք, թող ընդունեն հունիսի 3-ի մեր հայտարարությունը, պարգևավճարներ էլ ստանան»,- հայտարարեց Արամ Վարդևայնյանը։
Նրա համոզմամբ՝ ԱԺ-ը վերածվել է միահեծան կառույցի, որն արդեն իսկ քաղաքական ճգնաժամի պատկեր է ստեղծել։ Այդ ճգնաժամի միակ լուծումն առանց Նիկոլ Հայաստանն է։
Ինքնաբուխ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչություն։