Ադրբեջանական կողմի քայլը՝ ՀՀ արտգործնախարարին հրավիրել Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29 -ի համաժողովին, ընդամենը PR իմիջ ապահովելու քայլ է կամ PR կամպանիայի բաղկացուցիչ մաս։ Այս քայլով Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը Հայաստանի հետ գործընթացներում կառուցողական, բարիդրացիական տրամադրություններ ունի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Պաշտոնական Բաքուն, հրավերք ուղարկելով Արարատ Միրզոյանին, ցանկանում է ընդգծել, որ Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման մեղավորն ինքը չէ, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները։
ՀՀ իշխանությունները, ինչպես ասում են, առիթը տվել են, և Բաքուն այդ առիթը մաքսիմալ օգտագործում է՝ առաջ տանելու «բարի Ադրբեջանի» իմիջի ձևավորման քաղաքականությունը։ Այնպես որ, Արարատ Միրզոյանին Բաքու հրավիրելը պետք է դիտարկել այս կոնտեքստում, ոչ թե մտածել, որ այս կամ այն հարցի շուրջ ԱԳ նախարարն այլ դիրքորոշում ունի, վարչապետն՝ այլ։ Այդ երկու անձիք բոլոր հարցերի առնչությամբ ունեն հարյուր տոկոսով նույն դիրքորոշումը»,- ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շատ լավ է մտածում պետության PR-ի մասին, և քանի որ COP 29 -ի համաժողովին աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ են ժամանելու Բաքու, ադրբեջանական կողմն իր առջև խնդիր է դրել բարյացկամ պետություն ներկայանալ։
Անդրադառնալով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության ֆոնին «Բաքվի այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը», Արմեն Բադալյանն ընդգծեց՝ սա առավել քան ի ցույց է դնում Բաքվի իրական նպատակները։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ վերոնշյալ համաժողովին չմասնակցելու հնարավորությանը՝ քաղտեխնոլոգը նկատեց՝ մեր պետությունն այնքան բացասական վարկանիշ ունի, որ եթե անգամ Միրզոյանը Բաքու չմեկնի, դրանից Հայաստանի իմիջը չի ընկնելու. պատճառն այն է, որ այն վաղուց է ընկել և ընկնելու տեղ այլևս չունի։
«Հայաստանին, որպես պետություն, այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում, և կմասնակցի ՀՀ արտգործնախարարը նոյեմբերին կայանալիք միջոցառմանը, թե ոչ, ոչ մեկին չի հետաքրքրում։
Եթե Միրզոյանը մասնակցի Բաքվի համաժողովին, դա հօգուտ Ադրբեջանի է, բայց եթե չմասնակցի՝ դրանից կրկին կշահի ադրբեջանական կողմը։ Երկու դեպքում շահող դուրս է գալիս Ադրբեջանը»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29 -ի համաժողովին։
Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևնը հայտարարել է, որ COP 29-ի համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ արտգործնախարարին։
Ավելի վաղ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և այնտեղ կայանալիք COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակացություններին՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: