ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ապրիլի 9-ի այցը Թեհրան բավականին տրամաբանական է, քանի որ մեր տարածաշրջանն այսօր գտնվում է բավականին պայթյունավտանգ իրավիճակում, և այս հարցում շատ մեծ դեր է խաղում Իսրայելը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Իրանի դեմ Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմաքաղաքական կոալիցիայի ձևավորման հանգամանքին։
«Իսրայելի պլաններն ուղղված են Իրանի դեմ։ Այստեղ նաև մեծ դերակատարում ունի Ադրբեջանը, որը «շեստյորկայի» դեր է կատարում։ Սա Իսրայելի կողմից դիտվում է որպես նախընտրելի ուղղություն Իրանի դեմ դիվերսիաներ, ահաբեկչություններ և հարձակումներ գործելու համար»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կողմից իրանցի չորս դիվանագետների պերսոնա նոն գրատա հայտարարելու և երկրից արտաքսելու փաստին՝ Դավիթ Ստեփանյանը նկատեց՝ Ադրբեջանն այս կերպ գնում է բացահայտ առճակատման։
«Միջազգային պրակտիկայում, ընդհանուր առմամբ, այդպես է. երբ որևէ երկիր արտաքսում է որևէ այլ երկրի դիվանագետների, դա առաջին քայլն է դեպի հարաբերությունների վատացում՝ դիվանագիտական մակարդակով։ Սա բավականին լուրջ է, և այս գործընթացի վրա պետք է ուշադրություն դարձնել։
Հաշվի առնելով, որ Հայաստանը և Իրանը, գոնե այս փուլում, միմյանց դաշնակիցներ են հանդիսանում, կարծում եմ՝ շատ լուրջ կարիք կա սինխրոնիզացնելու մեր դիրքորոշումները և հետագա գործողությունները»,- ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Թեհրան հնեց դրան է միտված։
Դավիթ Ստեփանյանը հույս հայտնեց, որ հայ և իրանցի պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ՝ դիմակայելու ադրբեջանաիսրայելական տանդեմին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում:
Արմեն Գրիգորյանը հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ մարտի 29-ի Թել Ավիվ այցելության ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի այցը Թել Ավիվ պատմական է անվանել և նշել, որ Իսրայելին ու Ադրբեջանին ուղղված սպառնալիքները, ինչպես նաև իրանական սպառնալիքների մասին երկու երկրների պատկերացումներն ընդհանուր են: