Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
-Պարոն Լոքմագյոզյան, երկրաշարժից հետո Թուրքիայում ինչպիսի՞ հանրային տրամադրություններ են։ Սպասվող ընտրություններին ընդառաջ՝ ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակ է, հասարակությունը դժգո՞հ է էրդողանից։
– Ժողովուրդն, իհարկե, դժգոհ է՝ երկրաշարժից հետո պետության թույլ լինելու հետ կապված, սակայն հիմնականում դժգոհ է այն տարածաշրջանի ժողովուրդը, որը երկրաշարժից տուժեց։ Բայց դա շատ մեծ բան չի նշանակում։ Առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ այդ տարածաշրջանի ժողովուրդը հիմնականում թուրքեր չեն, այլ եզդիներ, ասորիներ, մահմեդականացած հայեր, հույներ, փախստականներ և այլն։ Այնտեղ թուրքեր շատ քիչ են, այն էլ միայն Մարաշի տարածքում. այդ պատճառով դժգոհությունը շատ մեծ ազդեցություն չի ունենա Էրդողանի իմիջի վրա։ Այո, երկրի մնացած մասերում կան թուրքեր, որոնք ձախակողմյան են և Էրդողանի դեմ են, դրա համար էլ մեծ փոփոխություն չկա։
Երկրորդ. եթե Էրդողանն այդ մարդկանց սկսի փողեր բաժանել, նրանց կսկսի մի քիչ հանգստացնել, երրորդ. այս ամենը շատ մեծ նշանակություն չունի. ամենամեծ նշանակություն ունեցողը ժողովրդի վախն է։ Անցյալ ընտրությունների ժամանակ էլ այդպես եղավ, որտեղ առաջին փուլում քրդերն Էրդողանի դեմ քվեարկեցին։ Հետո Էրդողանը հակաքրդական շարժում սկսեց, և քրդերը միայն դրանից փրկվելու, ազատվելու համար երկրորդ անգամ նրան ձայն տվեցին։ Այսինքն՝ վախն ավելի մեծ գործոն է, քան Էրդողանի վրա ջղայնացած լինելը։
-Ձեր կարծիքով, գարնանը Թուրքիայում կայանալիք ընտրությունները կարո՞ղ են հետաձգվել։
-Էրդողանի մտքերը ոչ մեկ չի կարող գուշակել, ես էլ չեմ կարող գուշակել՝ ինչ հաշիվներ է նա անում, ինչ է ուզում։ Նա պետք է ծանրութեթև անի, հաշվարկի և ինչ որոշի, այն էլ կանի։ Ընտրությունները կարող են տեղի ունենալ նախապես որոշված օրը՝ մայիսի 14-ին, բայց կարող է նաև Էրդողանը մտածի՝ «Ավելի լավ է՝ մի քիչ էլ ուշացնեմ, դիվիդենտներ ձեռք բերեմ»։ Սակայն այսօր ինչ-որ ենթադրություններ անելու համար շատ վաղ է։
-Վիճակագրական տտվյալների համաձայն՝ երկրաշարժը Թուրքիային շուրջ 84 միլիարդ դոլարի վնաս է հասցրել։ Ձեր կարծիքով՝ Էրդողանն ավելի շատ կզբաղվի ներքաղաքական և տնտեսական հարցերո՞վ, թե կշարունակի արտաքին քաղաքական ակտիվություն դրսևորել։
– Թուրքիայի տնտեսությունն արդեն բավականին վատ վիճակում է։ Դա, իմիջայլոց, նաև Էրդողանի՝ համաշխարհային լիդեր լինելու մտքի և գործունեության պատճառով է, որ մինչև լիբիաներ, աֆղանստաններ և այլուր, փորձում է ինչ-որ բաներ անել։ Այդ պատճառով էլ վերջերս տեսնում ենք, որ իր մեջ ավելի շատ ամփոփված է այս տարածաշրջանը։ Քաղաքական առումով նա հենց այս տարածաշրջանով է ավելի շատ զբաղվում, որովհետև արդեն միջոցները սուղ են։ Այսուհետ ամեն ինչ ավելի վատ է լինելու, վատ է լինելու ոչ միայն այն բանի պատճառով, որ երկրաշարժի հետևանքով այսքան բան ոչնչացավ, և երկրաշարժից տուժած տարածաշրջանի տնտեսությունը հարված ստացավ, այլ նաև այն պատճառով, որ այդ ամենը պետք է վերականգնել։
Մարդկանց խոստացել են, որ փողեր են բաժանելու, և ինձ թվում է՝ այդ խոստումներն ավելանալու են, սակայն մոտ ապագայում տնտեսական վիճակն ավելի է վատթարանալու։ Բայց դա շատ չի ազդի Թուրքիայի ընդհանուր քաղաքականության վրա. այդ քաղաքականությունն անփոփոխ կմնա, և հատկապես Էրդողանի նման լիդերն իր ցանկություններից հետ չի կանգնի։ Գուցե մի քիչ ավելի կամփոփվի, գուցե կփորձի քիչ ծախսատար միջոցներով կամ եղբայրական Ադրբեջանից և այլ երկրներից օգնություններ ստանալով՝ ինչ-որ բաներ անել, սակայն իր ծրագրերից հետ չի կանգնի. դա հաստատ։ Էրդողանը մինչև ընտրություններն իրեն պետք է ցույց տա որպես ուժեղ ղեկավար, պետք է ցույց տա, որ կարող է շատ բան անել, և դա, իմիջիայլոց, վտանգավոր փուլ է Թուրքիայի բոլոր հարևանների համար։ Դրանից հետո կարող է մտածել՝ «Լավ, հիմա ի՞նչ եմ անելու այս քայքայված տնտեսության հետ»։ Սակայն այս 2-3 ամիսն, այնուամենայնիվ, դեռ վտանգավոր են, վտանգը չի անցել։
-Պարոն Լոքմագյոզյան, Հայաստանի՝ Թուրքիային ցուցաբերած հումանիտար օգնությունը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այցերը Թուրքիա, Մարգարայի կամրջի միակողմանի բացումը, ըստ Ձեզ,կարո՞ղ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմք հանդիսանալ, թե՞ Թուրքիան հակված է շարունակել իր հակահայ քաղաքականությունը։
-Նախ, ճշտենք մի բան. Մարգարայի կամուրջը չբացվեց, այլ ընդամնեը միակողմանի բացվեց՝ այն էլ Թուրքիայի համար լավ գործի համար։ Թուրքիայից Հայաստան ոչինչ չեկավ, մենք ոչինչ չշահեցինք։ Երբ սահմանի բացման մասին խոսում են, խոսում են ոչ թե մեր՝ հայ և թուրք ժողովուրդների համար, այլ՝ երրորդ երկրի քաղաքացիների համար։ Ինչի՞ է պետք այն սահմանը, որ ես չեմ օգտագործում, ուրիշն է օգտագործում։ Դա սահմանի բացում չէ, դրանով ոչ մեկն ուրախանալու առիթ չպետք է ունենա, որովհետև մենք չենք օգտագործելու այդ սահմանը՝ անգամ եթե բացվի։
Բացի այդ՝ չգիտենք՝ ո՞ր սահմանն է բացվելու՝ Մարգարայի՞, թե երկաթուղային։ Մյուս կողմից այս ամենի արդյունքում ես կասեի՝ ո՛չ, Թուրքիայի քաղաքականությունը փոխվող չէ, որովհետրև Թուրքիան երկարաժամկետ քաղաքականություն անող, անշեղ իր ճանապարհով գնացող պետություն է։ Թուրքիան մեկ օրվա, մեկ շաբաթվա քաղաքականություն չի անում, Թուրքիան ունի իր ծրագիրը և այդ ծրագրով գնում է արդեն 100 տարի։
Կարող է այնպես պատահել, որ ինչ-որ պահի սառույցի վրա դնի իր ծրագրերը, սակայն հենց սառույցը հալվի, միանգամից կշարունակի իր քաղաքականությունը։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի և Արցախի մասով, 100 տարի առաջվա ծրագիր է, և նույնն այսօր շարունակվում է. ոչ մի տարբերություն չկա այդ քաղաքականության և նպատակների մեջ, դրա համար էլ Թուրքիան կարող է սկզբնական շրջանում մի քիչ քաղցր խոսքեր ասել, «քաղցրացնել» իր քաղաքականությունը, սակայն այն հիմնականում չի փոխվի։
Այսինքն՝ խոսույթը կարող է քաղցրանալ, լավանալ, բայց քաղաքականությունը չի փոխվելու, և դա մենք արդեն տեսնում ենք։ Այսօր ՀՀ արտգործնախարարը գնաց, իրենց հետ փակ դռների հետևում ինչ-որ տեսակցություններ ունեցավ։ Ես միշտ կասկածում եմ՝ այդ դռների հետևում ինչ է խոսվում։ Այսօր նաև ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի իր կետերը և հանձնել նրան։ Այսինքն՝ աշխատանքները շարունակվում են, և ես վախենում եմ, թե այդ անորոշ աշխատանքներից ինչ պետք է սպասել։ Մեր կողմից, թե իրենց կողմից ինչ-որ մարդիկ փակ դռների հետևում ինչ-որ բաներ են խոսում, պայմանավորվածություններ են ձեռք բերում, փաստաթղթեր պատրաստում կամ գուցե՝ ստորագրում։ Գուցե մի օր էլ հայտնի գիշերային ստորագրության նման կիմանանք, թե ինչ է եկել մեր գլխին։