Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
-Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձված մարտավարություն է կիրառում՝ ամեն հաջորդ քայլով մոռացության տալու իր նախորդ քայլը. այն է՝ Սոթքում իրադրությունը սրելու միջոցով փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը։
Եթե Փաշինյանն այդքան լավ է տիրապետում թշնամու մարտավարությանը, մինչև հիմա ո՞րն է եղել նրա պատասխան մարտավարությունը կամ պատասխան մարտավարություն առհասարակ եղե՞լ է։
-Հայաստանը փորձում է Ադրբեջանին պատասխանել իր հնարավորության սահմաններում։ Մենք անմիջական պատասխանը տեսնում ենք Զինված ուժերի գործողությունների տեսքով և, իհարկե, դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային կառույցների և շահագրգռված խոշոր դերակատարների առջև խնդիրները բարձրացնելով։ Այստեղ է Հայաստանի պատասխանների դաշտը, և, ըստ իս, Հայաստանն իր հնարավորությունների սահմանում փորձում է պատասխանել Ադրբեջանին։
Այլ հարց է, թե մենք ինչպես ենք գնահատում այդ հնարավորությունները, ինչպես ենք աշխատում դրանք մեծացնելու ուղղությամբ։ Սա, բնականաբար, արդեն մեր ներքին-հասարակական կյանքի հարցն է, որի առնչությամբ կան տարբեր կարծիքներ։
-Պարո՛ն Բադալյան, ստեղծված իրավիճակում Հայաստանը կարծես վերածվել է ֆուտբոլի գնդակի, որին նետում են մե՛կ Ռուսաստանի, մե՛կ Արևմուտքի դաշտ։ Արդյունքում մեր երկիրը մաս-մաս նվիրաբերվում է Ադրբեջանին։
Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սա. յուրօրինակ մեթո՞դ, որպեսզի Հայաստանն ի վերջո համաձայնի ցանկացած պայմանագրի հետ, թե պարզապես կողմերը վերադասավորվելու վերջնական որոշման չեն հասել։
-Մենք կարող ենք խիստ գնահատականներ ունենալ վարվող քաղաքականության արդյունավետության վերաբերյալ։ Այո՛, պետք է արձանագրենք, որ պատերազմի հետևանքով ցավալի պարտություն ենք կրել, ունեցել ենք մարդկային և տարածքային ծանր կորուստներ, բայց ոչ թե պետք է մտածենք, որ Արցախի վերջին հատվածն ու Հայաստանն ենք կորցնում, այլ հակառակը՝ մտածենք այդ ամենը պահելու մասին։
Դրա համար շատ կարևոր է մտածողության վեկտորի կառուցողական կամ ստեղծարար միտումը՝ անկախ նրանից, թե ինչպիսի ներքաղաքական կոնյուկտուրա է Հայաստանում։
Կարծում եմ՝ պատերազմը և մեր կորուստները ոչ թե հետևանք էին այն բանի, որ Արցախի հարցն աշխարհաքաղաքական գնդակի նման մե՛կ այս, մե՛կ այն կողմ է նետվում, այլ առաջին հերթին նրան, որ մենք գործնականում թերացել ենք խնդրի աշխարհաքաղաքական խորքային գնահատման հարցում։ Մոտ երեք տասնամյակի մեր հետագիծը կառուցել ենք խիստ անարդյունավետ։
Ցավոք սրտի՝ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները մեր կառավարման տիրույթից դուրս են, այսինքն՝ մենք չենք որոշում՝այդ կենտրոնները հետաքրքրվելո՞ւ են, թե ոչ։ Մեր խնդիրն է բարձր հետաքրքրության պայմաններում հնարավորինս բարձրացնել մեր սուբյեկտայնության ներուժը՝ չհայտնվելու թույլ օղակի դերում և չդառնալու ցավալի գին վճարող։ Այստեղ են մեր թերացումները, և դրանք շարունակելու են լինել, եթե արմատական վերանայումներ չկատարենք։
-Պարո՛ն Բադալյան, ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանություններից ի՞նչ է կախված։
-Բնականաբար, ցանկացած իշխանությունից է կախված երկրի արդյունավետ կառավարումը։ Որքան մենք բարձրացնենք մեր ներքին ուժը, այդքան ավելի արդյունավետ է լինելու դիվանագիտական աշխատանքը։
Ես ընդհանուր աշխատանքի վեկտորը դրական եմ գնահատում, այսինքն՝ նկատելի է, որ Երևանը փորձում է ինտենսիվ աշխատել բոլոր խոշոր դերակատարների հետ։ Մենք մեր արտառեգիոնալ քաղաքականության արդյունավետության համար պետք է կարողանանք բավական բարձրացնել ռեգիոնալ խաղացողների հետ հարաբերությունների որակը։ Ես չեմ դիտարկում միայն Կովկասը, ես ներառում եմ առնվազն Մերձավորարևելյան տարածաշրջանը։ Հայաստանն այս մասով ունի հավելյալ խաղային հնարավորություններ և տարածություններ։
Այսպիսով՝ գլխավորը մեր ներքին արդյունավետությունը բարձրացնելն է։ Միաժամանակ չպետք է մոռանալ՝ այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու ռիսկերն այն մասշտաբի են, որ միայն իշխանության անելիքով չէ. իրենց վրա պատասխանատվություն պետք է վերցնեն հասարակական-քաղաքական բոլոր դերակատարները։
Անկասկած է, որ մենք պետք է կարողանանք օգտագործել նաև հայկակական սփյուռքի ներուժը։ Ես ամենևին պատրանքների մեջ չեմ, որ սփյուռքը գերհզոր սուբյեկտ է, բայց այն ունի ահեռլի ռեսուրս, որի օգտագործման տոկոսն էլ պետք է փորձենք անընդհատ բարձրացնել։ Կրկնում եմ՝ գլխավոր պատասխանատուն իշխանությունն է, բայց պատասխանատվությունը պետք է ապակենտրոնացված գործի նաև։
-Մինչ այժմ եղած գործընթացներից պարզ է դառնում, որ միջազգային օղակները Ադրբեջանին զսպել չեն կարողանում. ուրեմն ի՞նչը կարող է զսպել այդ երկրին։
-Երկու բան՝ միջազգային շատ կոշտ արձագանքը, երբ ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառմամբ հարցեր լուծելու դեպքում Ալիևի առջև կդրվեն շատ հստակ հետևանքներ, և երկրորդ, երբ Հայաստանն ունենա այնքան ուժ, որն Ադրբեջանի մոտ կզրոյացնի ռազմական շանտաժով որևէ հարց լուծելու ցանկությունը կամ պատրանքը։
Հայաստանն այսօր, ցավոք, չունի բավարար ներուժ, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ հենց խոշոր խաղացողների միջև կան բազմաթիվ բարդ խնդիրներ։ Այս միջավայրը գործնականում կազմալուծել է միջազգայուն հանրություն ասվածը։ Այդ հանրությունը իր նպատակները դնում է՝ ըստ քաղաքական շահերի։
Ադրբեջանն այդ քաղաքական շահերի առումով բոլոր բևեռներին անհրաժեշտ է, և Բաքուն փորձում է օգտվել դրանից։ Ադրբեջանն այս գործիքակազմով աշխատում է նվազագույնը 10 տարի։
-Պարո՛ն Բադալյան, Թուրքիայում կայանալիք ընտրությունները կարո՞ղ են ազդել առկա գործընթացների վրա։
-Անկասկած։ Կարծում եմ՝ Ադրբեջանի գործողությունների հարցում առանցքային գործոնը Թուրքիան է։ Բնականաբար, Թուրքիայի իշխանության հարցը էական գործոն է լինելու Ադրբեջանի վարքագծի համար՝ կախված նրանից, թե ինչպես և ինչ գնով կլուծվի ընտրությունների հարցը. արդյոք Էրդողանը կպահի իշխանությունը ևի՞նչ գնով կպահի կամ ի՞նչ կլինի, եթե Էրդողանի փոխարեն իշխանության գա նրա մրցակիցը։