Հայաստանը չի կարող իր առջև արտաքին վեկտորի փոփոխության խնդիր դնել, որովհետ նման խնդիր դնելու համար պետք է ունենալ այդ խնդիրը լուծելու համապատասխան ռեսուրս և ներուժ։ Կարծում եմ՝ Հայաստանը չունի այդպիսի ռեսուրս և ներուժ։ Բայց եթե առկա իրավիճակում այդուհանդերձ վեկտոր փոխելու խնդիր դրվի, դա, մեղմ ասած, սխալ հաշվարկ, իսկ բուն իմաստով՝ արկածախնդրություն կլինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացմանը, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխում, պարզապես Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի բարդ ժամանակաշրջան է։
«Ես Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխություն չեմ տեսնում։ Այո՛, հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում առկա է բավական լարված հռետորաբանություն, սակայն այդ լարվածությունը տեսնում ենք Կրեմլից կամ, այսպես ասած, Պուտինից ներքև։
Միևնույն ժամանակ բոլորը զարմացել էին, որ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահը Փաշինյանից ոչ թե դժգոհեց կամ նախատեց նրան, այլ պաշտպանեց։ Հայաստանյան հանրության շրջանում սա մեծ զարմանք էր առաջացրել և առ այսօր զարմանք է առաջացնում։ Զարմանքն, իհարկե, նրանից է, որ մենք պրոցեսներն ավելի շատ դիտարկում ենք առերևույթ տրամաբանությամբ»,- ասաց Հակոբ Բադալյանը։
Քաղաքագետի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները, բացի երկկողմանի հարաբերություններ լինելուց, առանցքային գործոն են կովկասյան անվտանգության ճարտարապետության համատեքստում։
«Մենք տեսնում ենք, որ դա էլ փլուզվում է և ամենևին չի փլուզվում հայ-ռուսական ճգնաժամի պատճառով. հայ-ռուսական հարաբերությունների առերևույթ ճգնաժամն է գալիս Կովկասում և միջազգային հարաբերություններում փլուզումների հանգամանքից։ Կարծում եմ՝ գործ ունենք այս իրավիճակի, ոչ թե ՀՀ վեկտորի փոփոխության հետ։
Խորքային առումով Հայաստանի վեկտորի փոփոխություն տեղի չի ունենում, պարզապես ՀՀ իշխանությունը փորձում է ադապտացվել և մանևրել այսօր տեղի ունեցող համաշխարհային փլուզման պայմաններում։ Այդ փլուզումը բերում է ճգնաժամերի, և սա չի վերաբերում միայն հայ-ռուսական հարաբերություններին։ Սա վերաբերում է միջազգային հարաբերություններին՝ ընդհանարապես»,- ասաց Հակոբ Բադալյանը։