Հասարակության մեջ քիչ չեն անհատները, որոնք համաձայն չեն իշխող ուժի կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացվող քաղաքականության հետ։ Նրանք իրենց անհամաձայնությունն արտահայտում են տարբեր կերպ՝ ընդդիմության կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելով, ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանության ներկայացուցչին ձայն չտալով, ՔԿ շենքը շրջափակելով, ինչպես նաև թշնամական երկրի դրոշն այրելով։ Այնպես որ, Երևանում Ադրբեջանի դրոշն այրելը զգացմունքային արարք էր՝ դժգոհություն արտահայտելու օրինական ձև։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու գործողությանը։
Անդրադառնալով կատարվածի առնչությամբ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիրքորոշմանը (վերջինս ներողություն էր խնդրել միջազգային հանրությունից, որ որպես քաղաքացի և պատգամավոր չի արել իրենից կախված առավելագույնը հայ ազգիմիջից արմատախիլ անելու իր բնորոշմամբ վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները)՝ Արմեն Բադալյանը նկատեց.
«Բնականաբար, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն իրավունք ունեն իրենց դիրքորոշումը հայտնել, ինչպես հայտնել են 2020 թվականի կապիտուլյացիոն պատերազմից հետո իրենց թիմի ղեկավարին վարչապետ ընտրելիս։
Չմոռանանք, որ իշխանական խմբակցությունում կա մրցավազք, թե ով ավելի շատ դուր եկող արտահայտություններ կանի իրենց առաջնորդին. ըստ այդմ՝ յուրաքանչյուրը փորձում է դուր գալու իր ձևը գտնել՝ կախված իր զարգացման մակարդակից։
Ինչ վերաբերում է «խայտառակվելուն», Հայաստանը խայտառակվում է ոչ թե նրանով, որ Երևանում այրում են Ադրբեջանի դրոշը, այլ նրանով, որ ադրբեջանցիներն անարգել հատում են ՀՀ սահմանը, մտնում հայկական գյուղեր և ՀՀ քաղաքացու սպանում։ Հայաստանը խայտառակվում է նրանով, որ այդ նույն ադրբեջանցիներին բռնում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ շարքային քաղաքացիները։
Հայաստանը խայտառակվում է նրանով, որ ՀՀ վարչապետը տարբեր կենտրոնների իրար հակասող, տարբեր հարցազրույցներ է տալիս՝ երկիրը ծաղրուծանակի առարկա դարձնելով»։
Վերջում Արմեն Բադալյանը հավելեց՝ ադրբեջանցի մարզիկների՝ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելը ընդամենը լրացուցիչ գործիք կդառնա նրանց ձեռքում՝ առաջ մղելու սեփական PR-ը և հայատյաց քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ, սակայն, Նիկոլյանը հանցակազմի բացակայության հիմքով ազատ է արձակվել։
Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին։