Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
-Պարո՛ն Քանանյան, ինչպե՞ս կգնահատեք իշխանության ներկայացուցիչների կողմից վերջին օրերին Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչող տարաբնույթ հայտարարությունները՝ հատկապես Եկեղեցուն հարկային դաշտ տանելու մասով։ Սա այն դեպքում, երբ հայտնի է՝ ՀԱԵ-ն արդեն իսկ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։
-Կարծում եմ՝ պետք է երկու հարթություն առանձնացնենք։ Առավել մակերեսային հարթության վրա ես միանգամայն համամիտ եմ այն կարծիքի հետ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ խորապես անգրագետ են։ Նրանք խորապես անգրագետ են համարյա ամեն ինչում,եթե ոչ՝ ամեն ինչում։ Հետևաբար մակերեսային մակարդակի վրա, բացի իրենց ապիկարությունից և անգրագիտությունից, նրանք նկատում են, որ Հայ Առաքելական եկեղեցին ներկա փուլում լռելյայն համաձայնությամբ արտոնել է իր երկու երևելի ներկայացուցիչներին՝ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդներին, որոշակիորեն առաջնորդել հասարակությունում առկա բնական և խիստ հիմնավոր մտահոգությունը երկրի ճակատագրի նկատմամբ։
Դարձյալ մնալով մակերեսային հարթության վրա՝ մենք պետք է նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու այս երկու նվիրապետների գործողությունները նաև ակնհայտորեն հետևանք են քաղաքակն դաշտի՝ լիովին ձախողված և քայքայված լինելու, որովհետև եթե մեր քաղաքական դաշտում լինեին առողջ, պետականակերտ հայեցակարգով առաջնորդվող քաղաքական կուսակացություններ, ապա Եկեղեցուն, բնականաբար, հերթ չէր հասնի ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։
Բայց քանի որ իշխող ուժի պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ընդդիմության պարագայում՝ նույնքան հասկանալի է, այդ թվում՝ և նրանց զրոյական վարկանիշը հասարակության լայն շերտերում, նման ամայացած իրավիճակում, բնականաբար, պետք է ինքնաբերաբար որոնվեր մի անձ, որը, վերքաղաքական լինելով, կարող էր ինչ-որ չափով հաղթահարել ներքին պառակտումները և անցումային իրավիճակում առաջնորդեր ու համակարգեր հանրության բնական դժգոհությունը։
Նաև հավելման կարգով ասեմ, որ եկեղեցականները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, և նրանք նույնպես իրավունք ունեն և պարտավոր են արտահայտվել հատկապես այն դեպքում, երբ տեսնում են, որ ազգին և պետությանը անմիջական վտանգ է սպառնում։
-Պարո՛ն Քանանյան, ո՞րն է պետություն-ՀԱԵ հարաբերությունների՝ Ձեր մատնանշած երկրորդ հարթությունը։
-Անդրադառնալով առավել խորքային հարթությանը՝ պետք է նշել, որ գոյություն ունի արժեհամակարգային բախման խնդիր։ Ներկա կառավարությունը, հատկապես իր բոլոր կապիտուլյանտական գործողություններից հետո, արդեն ստիպված պետք է բացահայտի իր ներքին էությունը, իր արժեզուրկ, անհամակարգ, ավանդամերժ և պետականամերժ մոտեցումները, բոլոր ազգային կարմի գծերը ոտնահարելը։ Ուրեմն այստեղ արժեհամակարգային խնդիր կա, և որքան էլ տարբեր եկեղեցական ներկայացուցիչներ չհամապատասխանեն հավատի և ազգի պատկերացրած բարձր բարոյական և հոգևոր չափանիշներին, այնուամենայնիվ Եկեղեցին դիտվում է քաղաքակրթական հակառակորդ, և նման մարդիկ, իրենց ներքին էությամբ և արժեհամակարգից զուրկ լինելով, պետք է բնազդաբար ապստամբեն Եկեղեցու նման կայուն կառույցի դեմ։
Հայ Առաքելական եկեղեցու հանգամանքն իրավաբանորեն հետաքրքիր է նաև նրանով, որ այն Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանից՝ թերևս Արշակունիների ժամանակաշրջանից մինչև մեր օրերն, անխափան գործած միակ ազգային հաստատությունն է։ Հետևաբար, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է անջրպետ գծել պատմական և «իրական» Հայաստանների միջև, ապա այդ անջրպետը գծելու ճանապարհի մեջտեղում կանգնում է Հայ Առաքելական եկեղեցին։ Եկեղեցին և՛ պատմական Հայաստանի ժառանգորդն է, և՛ շարունակաբար գոյություն ունի նաև ներկա Հայաստանում։ Եկեղեցին այդ անխզելի կապի լավագույն արտահայտությունն է, որը կա 4-րդ տարից մինչև մեր օրերը։
-ՀՀ իշխանությունները որքա՞ն վտանգավոր ախոյան են այսօր համարում Հայ Առաքելական եկեղեցուն, որքա՞ն են զգուշանում նրանից։
-Բնական է, որ Եկեղեցին ՀՀ գործող իշխանությունների աչքում լինելու է շատ վտանգավոր քաղաքակրթական խոչընդոտ, և նրանք ազգային մնացած բոլոր սրբությունները ոտնահարելու իրենց բնազդային ատելության մեջ բնականաբար չեն կարող շրջանցել նաև Հայ Առաքելական եկեղեցին։
-Պարո՛ն Քանանյան, ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հարկեր չվճարելու վերաբերյալ հայտարարությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ պատասխան արձագանքով՝ վերջինիս խոսքերը որակելով սուտ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ անգամ հստակ պարզաբանումներից հետո իշխանության առանձին ներկայացուցիչներ շարունակում են թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին։
-Իհարկե, ես չեմ կարող և չեմ էլ կամենում ներթափանցել ԱԺ նախագահի մտքերի մեջ։ Հավանաբար նման հայտարարությունների պատճառն անտեղյակությունն է կամ չարամտությունը կամ ինչ-որ բան ասելու ձգտումը։ Ինչ ասես՝ կարելի է մտածել։ Ես թեև հեռու եմ ՀՀ իշխանություններին լրջություն վերագրելուց, բայց եթե անգամ փորձենք նրանց մի փոքր լրջություն վերագրել, ապա թերևս նրանք կարծում են, որ Եկեղեցին անհրաժեշտ համապարփակությամբ ենթարկված չէ հարկային դաշտին։
Չգիտեմ, նրանք թերևս կարծում են, որ մոմավաճառությունը, Եկեղեցուն կատարված նվիրատվություններն անհրաժեշտ չափով չեն հարկվում, կամ գուցե մտածում են, որ ՀԱԵ-ն պետք է հողի հարկ վճարի, չգիտեմ։ Արժե կառավարությանն սպասարկող իրավաբաններին հարց ուղղել, թե Եկեղեցին ո՞ր գործունության դաշտում հարկված չէ՝ ըստ ՀՀ օրենսդրության պահանջների։ Թող նրանք մատնանշեն։
Հ. Գ. Նշենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Հայ առաքելական եկեղեցին, որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Վերջին չորս տարիների եկեղեցու վճարած հարկերն ունեն հետևյալ պատկերը.
2020 – 378 մլն դրամ
2021 – 403 մլն դրամ
2022 – 450 մլն դրամ
2023 – 435 մլն դրամ
2024-ի 1-ին եռամսյակ – 147 մլն դրամ
Ընդ որում, Հայ առաքելական եկեղեցու վճարած հարկերի կառուցվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ դրանց հիմնական մասը եկամտահարկն է, սակայն 2023 և 2024 թվականներին եկեղեցին որոշակի մուտքեր է ապահովել բյուջե նաև մաքսատուրքերի մասով։