Այսօր խորհրդարան այցելած արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով՝ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք է օկուպացրել։
Միրզոյանի փոխանցմամբ՝ հայստանյան իշխանություններն այս պահին նույնպես ակտիվ ջանքեր են գործադրում, որպեսզի ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի փաստահավաք խմբերը Լաչինի միջանցք ու շրջափակված Արցախ այցելեն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԳ նախարարին տեղեկացրեց, որ Անվտանգության խորհուրդը չի արձագանքել իր՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ենթադրաբար կնքվելիք «խաղաղության պայմանագրին» ծանոթանալու դիմումին։
«Հիմա կասեք, թե Դո՞ւք ինչ կապ ունեք այդ հարցման հետ, բայց կապ ունեք այնքանով, որ նախ ԱԳՆ-ում եմ փորձել ծանոթանալ հայկական կողմի առաջարկներին ու Ադրբեջանի լրացումներին, բայց հարցերս անպատասխան են մնացել։ Ի վերջո այժմ կարո՞ղ եք պատասխանել՝ կա՞ մի դրույթ, որի շուրջը Բաքվի հետ հասել եք համաձայնության»,- հարցրեց Խամոյանը։
Նախարար Միրզոյանը նախ նշեց, որ մի շարք հարցերի շուրջը ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել, բայց շարունակելով՝ նշեց, որ առաջնային ու կարևոր հարցերը դեռևս քննարկումների փուլում են։ «Հիմնական մասի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից»,- ընդգծեց Միրզոյանը։
Ս․Վ․