Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այն հայտարարությունից հետո, որ Հաագայի դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, Ադրբեջանը կարող է չբացել Լաչինի միջանցքը, որովհետև այստեղ խնդիրն այն է, թե ճանապարհն ում միջնորդությամբ կբացվի՝ ռուս խաղաղապահների, թե Արևմուտքի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Այո՛, Ադրբեջանը կարող է չկատարել Հաագայի դատարանի որոշումը և մինչև հիմա չի էլ կատարել, ինչը նշանակում է, որ թքած ունի թե՛ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման, թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հիշեցման վրա։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքի բացելու անկարողության խոսակցություններին, ապա ամենևին էլ այնպես չէ, որ նրանք չեն կարողանում ճանապարհը բացել։ Այս ընթացքում քաղաքական առևտուր էր գնում, և բոլորովին այլ իրավիճակներ կային։
Կար իրավիճակ, երբ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում էր և ժողովրդական լեզվով ասած՝ այդ երկրին «դուխ» էր տալիս փակ պահելու Լաչինի միջանցքը։ Այժմ հասկանալի՝ ավերիչ երկրաշարժի պատճառով Թուրքիան դուրս է եկել այս գործընթացից, և իրավիճակը լրիվ ուրիշ է» ,- ասաց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում, եթե ռուս խաղաղապահները ցանկանային, ուժի կիրառմամբ հինգ րոպեում կբացեին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, բայց դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական խնդիրներ կառաջացներ։
«Հիմա Թուրքիան չկա, և խաղաղապահներն արդեն Ադրբեջանի հետ են բանակցում։ Այսօր հայտարարվեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են բարձրավոլտ միակ էլեկտրագիծը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:
Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենա նաև ճանապարհը բացելու գործընթացը, բայց ոչ Հաագայի դատարանի որոշումից անմիջապես հետո, որպեսզի չերևա, որ դա տեղի է ունեցել հենց դատարանի որոշման արդյունքում։ Իհարկե, դժվար է ենթադրել, թե երբ կբացվի Լաչինի միջանցքը, բայց որ պետք է դա լինի Հաագայի դատարանի որոշումից առժամանակ հետո, միանշանակ է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելը։