Ստեփանակերտում գործող բանկոմատներում բավարար գումար չկա. մեծ հերթեր են կուտակվում, քաղաքացիներից շատերի հերթը չի հասնում, որպեսզի կարողանան գումար կանխիկացնել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ սնունդ ձեռք բերելու տալոնային համակարգը կարող է իրեն չարդարացնել, որովհետև եթե մարդկանց ձեռքը գումար չկա, կտրոններ տրամադրելը պարզապես անիմաստ է ։
«Իրավիճակն Արցախում ժամ առ ժամ ավելի է վատթարանում, որովհետև չես հասցնում մի խնդրի մասին մտածել, նոր խնդիրներ են ավելանում՝ սկզբում սննդի կտորններ, հետո էլեկտրաէներգիայի 2 ժամով անջատումներ, հետո՝ 4 ժամով, այսօր էլ՝ Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցում։ Ճնշումներն անընդհատ մեծանում են, և այս ամենը զգացնել է տալիս շարքային քաղաքացիների մոտ։
Բնականաբար, ժողովրդի շրջանում հուսահատություն, սեփական հայրենիքը թողնել-հեռանալու տրամադրվածություն չկա, սակայն կենցաղային ահագնացող խնդիրները բացասական ազդեցություն են թողնում մարդկանց հոգեվիճակի վրա»,- նշեց Արշակ Աբրահամյանը։
«Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահը շեշտեց՝ էլեկտրաէներգիայի 4-ժամյա անջատումները հավելյալ դժվարություններ են ստեղծել հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներում, խանութների մեծ մասը դատարկ է, մթերքն ամբողջությամբ սպառվել է։
«Օպերատիվ շտաբը սնունդ հատկացնում է խոշոր սննդի կետերին, որոնց մոտ գոյանում են շատ մեծ հերթեր։ Ահա այսպիսի վիճակ է Արցախում։
Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել հոգեբանորեն կոտրել արցախցիներին, որպեսզի Արցախը հայաթափվի, սակայն ուզում եմ հիասթափեցնել նրանց և ասել, որ ժողովրդի մոտ նման տրամադրվածություն չկա։ Ավելին ասեմ. որքան ճնշումը մեծանում է, այնքան ավելանում է պայքարի ցասումը։ Արցախի ժողովուրդը չի կարող երկար տեղի տալ այս ամենին և գործիքակազմ է փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց արցախցի գործիչը։
Անդրադառնալով այսօր ադրբեջանցիների կողմից Արցախի գազամատակարարումն անջատելու հերթական գործողությանը՝ Արշակ Աբրահամյանը հիշեցրեց՝ նույն բանն Ադրբեջանն արել էր նաև անցած տարի։
«Այն ժամանակ ձյան շերտի հաստությունը 1 մետրից ավելի էր, սակայն ժողովուրդը չկոտրվեց, դիմացավ։ Բայց այս անգամ, երբ խնդիրներ կան նաև էլեկտրամատակարարման հետ, սա մարդկանց համար մաքսիմալ դժվարություններ է առաջացնում։ Այս ամենին գումարած նաև ինտերնետ կապի խոտանումը, հիգիենայի տարրական պարագաների բացակայությունը։ Կրկնում եմ՝ Ադրբեջանն այս կերպ մեկ նպատակ ունի՝ հայաթափել Արցախը»,-եզրափակեց «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիրը։