Իրանի հյուսիս-արևմտյան տարածքներում ռազմական էսկալացիան կարող է անմիջական սպառնալիք լինել Հայաստանի և Արցախի անվտանգության համար, հետևաբար Իրանի դեմ հնարավոր լայնամասշտաբ պատերազմը մեզ համար շատ կարևոր խնդիր է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Նվեր Դավթյանը։
Նրա խոսքով՝ էական է, թե ստեղծված իրավիճակում ինչպես իրեն կդրսևորի Իրանը և ինչպես իր ռազմապաշտպանական կարողություններով կարձագանքի ցանկացած տիպի հակաիրանական գործողության։
«Մեզանից պահանջվում է հետևյալը. լինել զգոն, բանակը պատրաստ պահել ցանկացած սցենարի համար, որովհետև տակտիկական նպատակներով կարող են Իրանում որոշակի խժդժություններ ստեղծել՝ հարվածային, օջախային և այլն, Իրանի ուշադրությունը շեղել և հարվածներ հասցնել Հայաստանի հարավային հատվածին՝ ճեղքելու Սյունիքն Իրանին կապող սահմանագիծը»,- ասաց Նվեր Դավթյանը։
Իրանագետի համոզմամբ՝ Հայաստանի հարավային հարևանի դեմ ռազմական գործողությունները անմիջական սպառնալիք են նաև Արցախի համար, և այն պահին, երբ Ադրբեջանն իր կեղծ էկոակտիվիստներին հետ կքաշի Բերձորի միջանցքից, հավանական սպառնալիքի մեկնարկը կարելի է համարել տրված։
«Ինչ վերաբերում է բուն Իրանին, ապա այդ երկրի զինված ուժերի հնարավորությունները բավարար են։ Չեմ կարծում, որ որևէ մեկը համարձակվի դասական պատերազմ սկսել Իրանի դեմ։ Կետային բախումներ կարող են լինել։ Իրանը ՀՕՊ բավարար ռեսուրսներ ունի՝ օդային տարածքն իր վերահսկողության տակ պահելու համար։
Կետային հարվածների նպատակներից մեկը, հավանաբար, այդ երկրի ռազմապաշտպանական կարողությունները ստուգելն է, հասկանալու խոցելի ուղղությունները՝ հետագայում ռազմական էսկալացիան զարգացնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։