Այս միջոցառումը կարող է նոր էջ և նոր մեկնարկ լինել երկու երկրների տնտեսական մարկարդակն առավել զարգացնելու համար, Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի պաշտոնական բացմանն այսօր հայտարարեց ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը։
«Այն փոխհգործակցությունը, որ կձևավորվի այս կենտրոնում, շատ արժեքավոր է, և այն հնարավորություն կընձեռի գործարար շրջանակների համար։ Իրանի կառավարության առաջնահերթություններից է առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Իրանի և Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական լավ հարաբերությունները հնարավորություն են ընձեռում, որպեսզի Հայաստանը դիտարկենք որպես դարպաս Եվրասիական տնտեսական շուկաներ մուտք գործելու համար»,- ասաց իրանցի պաշտոնյան։
Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի խոսքով՝ Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացումը վկայում է երկկողմ լավ հարաբերությունների մասին։
«Իրանն իր բոլոր հանարվորություններով գտնվում է ՀՀ տրամադրության ներքո։ Իրանն իր բարձր տեխնոլագիական արդյունաբերությամբ, ինչպես նաև գիտելիքահեն արտադրանքով, իր աշխարհագրական դիրքով, երկաթգծով ու ծովային փոխադրումներով կարող է իր նպաստը բերել ՀՀ տնտեսության զարգացմանը։
Պետական և մասնավոր հատվածների ներկայությունն այս կենտրոնում վկայում է այն մասին, որ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը շատ է կարևորվում։ Իհարկե ճանապարհային, մաքսային ոլորտի խնդիրներ առկա են, սակայն համոզված եմ, որ կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այդ խնդիրները և մարտահրավերները»,- ամփոփեց իրանցի պաշտոնյան։