Տարածաշրջանում այլ դերակատարների ներկայությունը ոչ միայն օգտակար չէ, այլեւ խաթարում է նրա կայունությունը. մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների անվտանգությունը պետք է ապահովեն նույն երկրները։
«Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային երկրները միշտ հետապնդում են իրենց շահերը, և նրանց ներկայությունը երբեք օգտակար չի եղել: Այնտեղ, որտեղ ամերիկյան ուժերը ներկա են եղել, նրանք ոչ միայն անվտանգություն չեն ապահովել, այլև ստեղծել են անկայունություն և անապահովություն»,- ասաց Քանանին:
Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծել է վեճերի լուծման համար դիվանագիտական խորհրդակցությունների կարևորությունը։
Ադրբեջանական զլմները, մեջբերելով Քանանիի՝ երրորդ երկրի՝ տարածաշրջանում Իրանի համար մերժելի դերկատարման մասին խոսքը, մատնանշել են սեպտեմբերի 11-20-ը Հայաստանի տարածքում անցկացվելիք Հայաստանի և Միացյալ Նահանգների EAGLE PARTNER 2023 համատեղ զորավարժությունները։
Նասեր Քանանին, նաև պատասխանելով մեկ այլ հարցի, նշել է, որ Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և միշտ դեմ է եղել միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։
Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության կողմից երկու կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար. ասել է նա՝ հավելելով, որ Իրանը չի աջակցում այդ սկզբունքների դեմ որևէ գործողության։