Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն մայրերից է, ում երեխաները դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ Արցախ։
«Մենք էլ ենք այն ընտանիքների շարքում, որոնք կիսված են։ Անչափահաս՝ 13 տարեկան որդիս մեզ մոտ չէ։ Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ գիտակցում էինք, որ Արցախում առկա ուղիղ վտանգից հեռացրել ենք նրանց, ապա այժմ բաժանված լինելու զգացողությունն անտանելի է։ Ես 44 օր և ավելի չեմ տեսել իմ երեխաներին, բայց այդ զգացումը չեմ ունեցել, ինչ հիմա ունեմ»,- , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի պատգամավորը՝ հիշեցնելով, որ Արցախ՝ իրենց ընտանիքներ, այս պահի դրությամբ չի կարողանում վերադառնալ շուրջ 270 երեխա։
Մետաքսե Հակոբյանի խոսքով, սակայն, այս ամենին արցախցին գնում է գիտակցաբար։
«Լուծումներ կան, և այդ լուծումների մասին բոլորը գիտեն։ Իրականությունը հետևյալն է. ՀՀ իշխանություններն Արցախունմ կատարվողը ներկայացնում են որպես հումանիտար աղետ, խոսում են հետևանքների, բայց ոչ՝ պատճառների մասին։ Ես իմ շրջապատում բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսում, օրինակ՝ մի կին կա, որի կյանքը կախված է ժամանակ առ ժամանակ դրսից բերվող դեղորայքից։ Խոսքն այնպիսի դեղի մասին է, որ ժամկետ ունի և հնարավոր չէ պահեստավորել։
Մտածում եմ շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց մասին, որոնց կյանքը կախված է մեկ հատիկ դեղահաբից։ Սա է հումանիտար աղետը, որն արդեն իսկ Արցախում սկսվել է։
Իսկ այս իրավիճակի պատճառները շատ խորքային են։ Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ամբողջ պատճառն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն է»։ Ես առավել քան վստահ եմ, որ սրա մասին բոլորիցս լավ գիտի ՀՀ վարչապետը, և այժմ նա իրեն բնորոշ կերպով փորձում է մանևրել՝ ամենաքիչ կորուստներն ունենալով, չկորցնելով իշխանությունը և այս ընթացքում կուտակած նյութական միջոցները»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ արցախցիներն այսօր գոյաբանական լուրջ վտանգի տակ են, իսկ, օրինակ, Սյունիքի մարզում 2021 թվականին Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիները, որոնք ևս կարող են հայտնվել գոյաբանական խնդրի առջև, դեռ պետք է փորձեն փրկության ելքեր գտնել։
«Արդեն որերորդ օրն է՝ Արցախն այսպիսի վիճակում է, բայց, չգիտես՝ ինչու, եռակողմ հանդիպում այդպես էլ տեղի չի ունենում։ Ըստ էության՝ Ադրբեջանը չեղարկել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ Հայաստանը որևէ ձայն չի հանում, և ՀՀ իշխանությունների այն խոսույթը, որ իրենք այլևս գործ չունեն Արցախի հետ, չի կարող արդարացում լինել։ Ի վերջո, Արցախի փոխարեն, բոլորի փոխարեն միանձնյա որոշմամբ այդ անձը գնացել և իր ստորագրությունն է դրել։ Նա հիմա փորձում է մանևրել պատասխանատվությունից, բայց չի ստացվելու, որովհետև որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հերքել, միևնույն է, 2020 թվականի նոյեմբերի 9-ին խոստացել է «Զանգեզուրի միջանցքը»։
Առաջին խնդիրը, որ պետք է լուծեն Փաշինայնը, Ալիևն ու Էրդողանը ռուս խաղաղպահներին Արցախից հանելն է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը ՀՀ իշխանությունները ներկայացնելու են իբրև 120 հազար արցախցիների կյանքի փրկություն՝ նույն այդ «միջանցքի» դիմաց։
Պատգամավորի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է ադրբեջանցիներին տալ «Զանգեզուրի միջանցքը», այլ հարց է, թե ովքեր են այն վերահսկելու։ Իսկ ամենահավանականը, ըստ Մետաքսե Հակոբյանի, միջազգային խաղաղապահների անվան տակ «Զանգեզուրի միջանցքում» թուրք և ադրբեջանցի խաղաղապահների տեղակայումն է։
«Մենք այստեղից բազմաթիվ կոչեր ենք արել, որ Փաշինյանը չհամարձակվի արցախցիներին փրկելու ձևակերպմամբ գնալ Հայաստանի հաշվին զիջումների։ Մենք այսօր գիտակցաբար ենք պայքարում, և այս ամենն արվում է այն բանի համար, որ Հայաստանի հաշվին զիջում չլինի։ Շատ լավ գիտակցում ենք, որ Արցախն առանձին չի կարողանալու փրկվել, Հայաստանը՝ ևս։ Մենք պետք է մնիասին փրկվենք, կամ էլ միասին հակառակին ենք գնալու»,- ասաց մեր զրուցակիցը։