Ինձ թվում է՝ Երևանի քաղաքապետի ընտրության պատկերը բոլորի համար պարզ է։ Երկրորդ կարծիք գոյություն չունի, որովհետև ակնհայտ էր, որ Տիգրան Ավինյանը որևէ կերպ չէր կարող հաղթել։ Նրան օգնեցին, ուրիշ ոչինչ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրվելուն։
«Պարզ էր, որ նրանք չէին հավաքել այնքան ձայն, որ ունենային քաղաքապետի պաշտոնը։ Ակնհայտ է, որ չէին կարող ղեկավարել, և նրանց օգնեցին. օգնեցին և՛ իրենց սատելիտները, և՛ մարդիկ, որոնք գործել և ստացել են ձայներ՝ որպես ՔՊ-ին մերժող, որպես ընդդիմություն, որպես հայրենազրկմանն ու ցեղասպանությանը դեմ ուժեր»,- ասաց մեր զրուցակիցը։
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք օգնեցին Տիգրան Ավինյանին՝ դառնալու Երևանի քաղաքապետ, օգնեցին, որ Հայաստանի վրա ևս, Արցախի նմանությամբ, ռումբեր թափվեն, և այստեղ էլ լինի այնպիսի խուճապ, որ «շունը տիրոջը չճանաչի»։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունները ոչ մի բանի պատրաստ չեն. հասկանալով՝ ինչ է մեզ սպասում՝ նրանք ոչնչի չեն պատրաստվել, ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի աղետն ավելի ցավալի լինի։
Ինչ վերաբերում է կոնկրետ Երևանին, ապա չմոռանանք, թե քանի մարդ զոհվեց «Սուրմալու»» առևտրի կենտրոնում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։ Չմոռանանք, թե պայթյունի փլատակների վրա ով էր կանգնած և ինչ էր խոսում։ Ոչինչ չենք մոռացել։ Այդ պայթյունը վարժանք էր, ահաբեկչական ակտ, որը մինչ օրս չի բացահայտվել»,- ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամը։
Անդրադառնալով Երևանի ավագանիում իրենց հետագա գործունեությանը՝ Զարուհի Փոստանջյանը նախ նշեց, որ երկիրը հայտնվել է դժվար կացության մեջ, և պետք է լինի ռազմաքաղաքական բաղադրիչով ժամանակավոր համաձայնության կառավարություն՝ Հայաստանը հանելու ճգնաժամային վիճակից։
«Հիմա խոսել Երևանի ավագանիում գործ անելու մասին ուղղակի ժամանակավրեպ է, բացարձակ անիմաստ»,- ասաց Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով այսօր ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։
Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։