Միջազգային հանրությունն անկասկած պետք է արձագանքի այսօր Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին, սակայն միջազգային արձագանքներ ստանալու համար պետք է ակտիվ աշխատել. ոչինչ չանելով՝ որևէ մեկը Հայաստանի խնդիրներին չի արձագանքելու։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ գործընթացներ են գնում, և այնպես չէ, որ միջազգային հանրությունն ուշի ուշով հետևում է միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին, Azg.ամ-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Մինչ Երասխի ուղղությամբ կրակելն ադրբեջանական կողմը տեղեկատվական արշավ էր սկսել, և արդեն իսկ պարզ էր, որ գնալու է որոշակի գործողությունների։ Դեռ հունիսի 7-8-ին պաշտոնական և փորձագիտական խողովակներով քարոզչական դաշտ նետվեց թեզ, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ մետալուրգիական գործարան է կառուցում, որն «աղետ է» ամբողջ տարածաշրջանի համար։ Այս ամենից ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը մոտական օրերին թիրախավորելու է Երասխի ուղղությունը։
Սա ուղղակի միջամտություն էր ՀՀ ներքին գործերին, որի առնչությամբ, սակայն, որևէ արձագանք չեղավ, որևէ կանխարգելիչ գործողություն չձեռնարկվեց։ Միայն երեկ ՀՀ արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հստակ ամրագրված էր, որ Ադրբեջանի նմանօրինակ վարվելակերպը միջազգային ամենաթողության հետևանք է։
Հայաստանը չի հասկանում, որ երբ անընդհատ միակողմանի զիջումների է գնում, դրա դիմաց ոչինչ չի ստանում, չի ստանում ագրեսիայի զսպման ոչ մի մեխանիզմ։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները սխալ քաղաքականություն են իրականացնում, որ չեն կարողանում իրականության հետ ճիշտ առերեսվել և համապատասխան քայլեր ձռենարկել»,- ասաց ադրբեջանագետը։
Տաթև Հայրապետյանի խոսքով՝ որքան էլ Ադրբեջանի ղեկավարը հայտարարի, որ իրենք անտեսում են միջազգային իրավունքը, այն, միևնույն է, զսպիչ գործոն է։
«Սրան զուգահետ՝ պետք է նաև ռազմական առումով կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ Անկարան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, և այդ քայլն ուղերձ կլինի ողջ աշխարհին՝ հատկապես Հայաստանին, Տաթև Հայրապետյանը նկատեց՝ այս քայլով Թուրքիան հակակշռում է Ռուսաստանին:
«Արցախում Ռուսաստանն ունի ռազմական ներկայություն, իսկ Թուրքիան, հյուպատոսություն բացելով Շուշիում, փորձում է Արցախում ապահովել սեփական ներկայությունը։ Սա նաև ուղերձ է Իրանին և Ռուսաստանին, որովհետև եթե ՀՀ գործող իշխանությունները Շուշիի կարևորությունը չեն հասկանում, դա չի նշանում, որ մեր հակառակորդները ևս դրա քաղաքական սիմվոլիկան չեն գիտակցում»,- ամփոփեց ադրբեջանագետը։