Խղճում եմ նրանց, ի՞նչ ասեմ։ Որ չզանգեիք, չէի էլ արձագանքելու, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանն իր դեմ մի քանի հայց է ներկայացրել։
Քաղաքապետարանը, հիշեցնենք, պահանջում է Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել, այն է՝ տուգանել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար:
ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելու`առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար
«Քաղաքապետարանը մի քանի հայցով դիմել է դատարան, կարծեմ՝ մի դատ էլ հետաձգվել է։ Դատական պրոցեսը թող գնա։
Ուղղակի այս երկիրն այնքան կարևոր խնդիրներ ու պրոբլեմներ ունի, ես էլ՝ այնքան անելիք, որ նման հիմարությունների պարզապես ուշադրություն չեմ դարձնում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ չի պատրաստվում ներկայանալ առաջիկայում կայանալիք դատական նիստերին, փոխարենը կներկայանա իր փաստաբանը։
«Լուրջ եմ ասում՝ իմ դեմ քաղաքապետարանի հայցերով ընդհանրապես չեմ զբաղվել, ինձ հետաքրքիր չէ։ Օրական մի քանի նամակ եմ ստանում տարբեր հիմնարկներից։ Սովորաբար մի կողմ եմ շպրտում, որովհետև ուրիշ կարևոր հարցեր կան»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը։