Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամնանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր խորհրդարան այցելած Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարող է ծանոթանալ Եվրոպական Միության դիտորդական երկամսյա առաքելություն ժամկետին։
Ի պատասխան՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանն արձագանքեց, որ այն սահմանափակ հասանելիություն ուներ ու տրամադրվել է ԵՄ անդամ երկրներին, հրապարակային չի զեկուցվել։
«Հայաստանյան իշխանություններին ինչո՞ւ այն հասանելի չէ,- զարմացավ Արսենյանն ու շարունակեց,- Չէ՞ որ ՀՀ տարածքում իրականացված աշխատանքի մասին է խոսքը»։
«Զեկույցը հասանելի չէ այնքանով, որքանով հրապարակային չէ»,- նշեց ԱԳ գերատեսչության ղեկավարը։
Արսենյանն արտգործնախարարից նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությամբ հետաքրքրեց, ինչին ի պատասխան՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ չի փոխվել։
«Կարճ ժամեկտներում, այո, պատրաստ ենք ապաշրջափակել տարածաշրջանի ենթակառուցվածքները, բայց մեր պայմանը նույնն է՝ բոլոր ճանապարհները մնալու են ՀՀ սուվերենության ներքո»,- հավելեց Արարատ Միրզոյանը։
Ս․Վ․