Azg.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ կարծիք ունեք երեկվա հանրահավաքի, դրա ընթացքում հնչած թեզերի մասին։ Արդյոք հանրահավաքի ընթացքում հանրությանը սպառիչ պարզաբանումներ ներկայացվեցին։
-Ինձ համար կարևոր մի փաստ կա. միգուցե այս ամենին մեր ներսում երկար ենք սպասել, բայց չենք ունեցել։Մենք այս տասնամյակների ընթացքում մի քանի անգամ ենք ազգովի հրապարակում առ Աստված աղոթք արել։ Այսինքն՝ այժմ արձանագրում ենք, որ այս պայքարն Աստված է առաջնորդում։ Իսկ երբ պայքարն Աստված է առաջնորդում, այդտեղ սխալ չկա։ Իրականում սա բարու և չարի պատերազմ է, որտեղ միանշանակ Աստված հաղթելու է։
Հրապարակում հավաքվում են մարդիկ, ովքեր պատրաստ են մինչև վերջ գնալու, և դա պայմանավորված է ոչ թե անձնական ամբիցիաներով, այլ ընդամենը մեկ հանգամանքով՝ մարդիկ արժանապատվություն ունեն, և այդ արժանապատվությունը պահանջում է հայրենատեր լինել։ Չգիտեմ՝ այս պայքարի վերջնարդյունքը երբ է լինելու, ինչպես է լինելու, բայց այն արդեն կարևոր մի բան է ցույց տվել. ներկայիս իշխանություններն օդում են կախված, և հերիք է մեկ տատանում, որ ընկնեն։ Վստահ եմ՝ շարժման առաջնորդը դա պլանավորում է, ունի իր ծրագրում։ Հաջողություն գրանցելու ենք կամ ավելի ճիշտ կլինի ասել՝արդեն գրանցել ենք։
-Ինչպե՞ս կգնահատեք հանրահավաքից հետո Բագրատ սրբազանի և ցուցարարների՝ կառավարական ամառանոց շարժվելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին հանդիպման հրավիրելու հանգամանքը։
-Գիտեք, հանրահավաքից հետո մարդիկ պատրաստ չէին ուղղակի տուն գնալ։ Մասնակիցներից մեկն էլ ես էի, և որքան էլ հոգնած լինեինք, միևնույն է, բոլորիս անհրաժեշտ էր ինչ-որ գործողություն, որը քիչ թե շատ ցույց կտար հետագա ծրագրերը, պահանջներն ու անելիքները։
Կարծում եմ՝ այդ առումով երթի ուղղությունը հաջողված էր, մարդկանց մեջ էլ միանշանակ ցանկություն կար՝ տուն չգնալու։
-Տիկի՛ն Հակոբյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ փուլում Փաշինյանը հանդիպի Բագրատ սրբազանին՝ քննարկելու իշխանությունն անցնցում փոխանցելու կամ մեկ այլ հարց։
-Ցանկացած ժողովրդավար, ժողովրդի մասին մտածող, ազգային արժեքներ կրող ղեկավար այս իրավիճակում հաստատ չէր թաքնվի ժողովրդից։ Ժողովրդի պահանջով երեկ պետք է հանդիպում տեղի ունենար. հավատացե՛ք, Փաշինյանն ինչ-որ առումով նույնիսկ շահած դուրս կգար։ Բայց նա այդ շանսը կորցրեց։
Նա հանդիպման չեկավ կամ Բագրատ սրբազանին չընդունեց, քանի որ դա իր տեսակն է։ Ուղղակի մեկ անգամ ևս արձանգրում ենք, որ Փաշինյանի համար ամենաթանկն իր պաշտոնն է, իշխանավարումը, և նա, անգամ միլիոնավոր մարդկանց պահանջով, իր աթոռից չի պոկվի։ Նա փառքի, իշխանության կարիք ունի և այս ամենին հասել է արյան գետերի միջով։ Մարդ, որը պատրաստ է եղել զոհաբերել մարդկանց՝ հանուն իր ամբիցիաների բավարարման, բնական է, որ իր կամքով չի հեռանալու։
Ես շատ կուզեմ, որ նման կանխատեսումները չիրականան, որովհետև պայքարող կողմը պատրաստ չէ կանգ առնել, այն արդեն որոշում ունի՝ կանգ չառնել։
-Տիկի՛ն Հակոբյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Փաշինյանը համառորեն հաշվի չի նստում Հանրապետության հրապարակում հավաքված կրիտիկական զանգվածի և իր հրաժարականի պահանջի հետ։
-Մենք բոլորս հիշում ենք նրա խոսքերը։ Հայաստանը ղեկավարում է մի անձ, որն ուղղակի չի խորշում բացահայտ սուտ խոսել։ Այդ անձն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ինքը կհեռանա, երբ Հանրապետության հրապարակում 100 հազար մարդ կհավաքվի։ Ամեն դեպքում, մայիսի 9-ին, երբ պահանջվում էր Փաշինյանի հրաժարականը, հրապարակում 100 հազար և ավելի մարդ կար։ Ուղղակի հերթական անգամ արձանագրենք, որ նա ստախոս է, այնպես, ինչպես 2018-ից սկսած՝ կեղծիքով 6 տարի շարունակում է իշխանավարել։
Մարդը եկել է պայմանով. այդքան տարի նա ձգտել է իշխանության։ օտար ուժերը նրան իշխանության են բերել պայմանով, ոչ թե իր արժեքների համար։ Փաշինյանը պայմանների մի մասը կատարել է՝ հանձնել է Արցախը, սկսել է հանձնել Հայաստանը։ Բայց նա դեռ չի ավարտել. գլխավոր պայմանը կատարված չէ. այն է՝ «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը։
Կարծում եմ՝ որևէ մեկս չի կասկածում, որ բանավոր պայմանավորվածություններից զատ՝ կա գրավոր պայմանավորվածություն, և հետևաբար, Փաշինյանը դեռ անելիքներ ունի։
Վստահ եմ՝ նա հիմա բոլորից շատ է ուզում այլևս չպաշտոնավարել, որովհետև նույնիսկ վախեր էլ ունի։ Փաշինյանն ունի պարտավություններ, որոնք ստիպված է կատարել։ Հակառակ դեպքում, կարծում եմ, իր կամ իր ընտանքիի ֆիզիկական գոյությանը վտանգ է սպառնալու։
-Տիկի՛ն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ այս ամբողջ ընթացքում Սրբազանն իրեն ճի՞շտ է պահում։ Ինչպե՞ս եք գնահատում նրա քայլերը, բառապաշարը։
-Կարծում եմ՝ բոլորս կարոտ էինք մնացել նման բառապաշարի՝ կիրթ, գրագետ, հայեցի, մարդկային, առանց հայհոյանքի և կոպտությունների, որովհետև մենք 6 տարի շարունակ իշխանության ներկայացուցիչների բերանից, բարձր ամբիոններից լսում ենք միայն հայհոյանք, ժարգոնային խոսույթ, տեսնում ենք տգեղ պահվածք, շարժուձև, վուլգար տեսք։
Ես նույնիսկ չեմ ուզում համեմատել, բայց ինձ շարժման հենց առաջին օրը բռնեցրեցի այն մտքի վրա, որ ուղղակի կարոտ էինք այնպիսի խոսքի, ինչպիսին այս օրերին լսում ենք Սրբազանից։ Շարժմանը մասնակցող մարդիկ ևս կա՛մ այդպիսին են՝ Սրբազանի նման, կա՛մ ազդեցությունն այնքան ուժեղ է, որ ուզում են այդպիսին լինել։ Իսկ 2018-ին փողոց դուրս եկած մարդիկ այլ մարդիկ էին։
Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի քայլերի հաջորդականությանը, ապա չեմ ուզում անգամ դա քննարկել այն առումով, որ, իհարկե, բոլորս մեր տեսակետն ունենք։ Այն հիմնականում հիմնված է չհամբերելու վրա, որովհետև այլևս ուժ, համբերություն, նյարդեր չունենք։ Եվ այս առիթը, որ արդեն իսկ ունենք առաջնորդ, մեզ անհամբեր է դարձնում օր առաջ հանգուցալուծում ստանալ։
Բայց ես վստահ եմ, որ Սրբազանն ունի հաշվարկած ծրագիր, և շատ լավ է, որ մենք ուղղակի գուշակողի դերում ենք և չգիտենք այդ ծրագիրը։ Կարծում եմ՝ նա անում է այն, ինչ ճիշտ է՝ Աստծուց ուղղորդված։
-Տիկի՛ն Հակոբյան, պայքարի այս փուլում ի՞նչ պետք է անի կամ իր գործողոըւթյուններում ի՞նչը պետք է ուղղի Սրբազանը։
-Եթե ես հիմա ինչ-որ բան ասեմ, դա կլինի իմ ծրագիրը։ Ես մոտավորապես երկու շաբաթ առաջ հանդիպել եմ Սրբազանին և ասել եմ, որ եթե մենք այսքան ժամանակ խոսում էինք առաջնորդ ունենալու անհրաժեշտության մասին, հիմա ընդունել ենք նրան, և երեկ Հանրապետության հրապարակն ապացուցեց դա։ Մենք ընդունել ենք այս առաջնորդին, հետևաբար ընդունելի են նաև նրա ծրագրերը։ Գիտակցումը, որ մեզ առաջնորդում է հայրենասեր, հայրենատար, զոհողությունների պատրաստ մարդ, թույլ է տալիս, որ վստահենք նրա ծրագրերին և օգնենք, որ դրանք իրականանան։
– Շարժման մեկնարկից ի վեր՝ ի՞նչ կերպ կբնութագրեք ցուցարարների և լրագրողների նկատմամբ իրավապահ համակարգի գործողությունները։
-Ոստիկանները, բնական է, որ առանց հրամանի որևէ քայլ չեն անում։ Բնական է, որ նրանք իրենց գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններն են կատարում, և մենք ականատես ենք, թե այս օրերին, բացի ցուցարարների նկատմամբ բռնություններից, ինչպիսի այլանդակ հայհոյանքներ են հնչեցնում ոստիկանները։
Ես այսօր մայթին կանգնած տեսա, թե ինչպես խաղաղ կանգնած կանանց սկսեցին հրմշտել, իմ կողքին կանգնած կին պատգամավոր կանայք վնասվածքներ ստացան։ Ֆիզիկական ուժ և բռնություն կիրառելով՝ նրանց մտցրեցին մեքենաները և տարան։ Կանայք այդ պահին նույնիսկ չէին վանկարկում, ուղղակի ոստիկանները անսպասելի հայտնվեցին և նրանց տարան։
Սա նշանակում է, որ իշխանությունների մոտ սարսափ կա, որովհետև տեսնում են ժողովրդի ոտքի կանգնելը։ Նրանք տեսնում են, որ սա հենց հեղափոխություն է։ Հոգեվարքի մեջ են և հասկանում են, որ ինչ-որ պահից մարդիկ հեղեղելու են փողոցները, և ոստիկանները ոչինչ չեն կարողանալու անել։ Նրանք այժմ մեկ անձի են ծառայում, և այդ անձի չլինելով՝ չեն լինելու նաև նրանք։