Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
–Պարո՛ն Բաղդասարյան, վաղը՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Ի՞նչ սպասումներ պետք է ունենալ այդ հանդիպումից։
– Եթե հանդիպման առանցքում անվտանգային բաղադրիչ չի լինելու, հետևաբար ենթադրում եմ, որ առանձնապես մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Իսկ ես որքան հասկանում եմ բաց լրատվությունից, անվտանգային բաղադրիչ, այո՛, այդտեղ չի լինելու, և խոսքը լինելու է ընդամենը տնտեսական ոլորտում Հայաստանի դիմադրողունակությունը բարձրացնելու մասին։ Այսինքն՝ ենթադրում եմ եմ՝ խոսքն այն մասին է, որ Հայաստանն ավելի համարձակորեն խզի Ռուսաստանի հետ կապերը կամ թուլացնի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Արևմուտքը փորձելու է աջակցությամբ մեղմել դրա հնարավոր հետևանքները կամ խոստանալ, որ այդպես կվարվի։
Բայց քանի որ դա իրենով Հայաստանի համար կարող է երկարաժամկետ կտրվածքով անվտանգային խնդիրներ առաջացնել, դրա համար էլ Բրյուսելում վաղը կայանալիք եռակողմ հանդիպումը որքան դրական հեռանկարներ, նույնքան էլ՝ գուցե ավելի ռիսկեր է պարունակում։
-Պարո՛ն Բաղդասարյանը, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ նմանօրինակ գործընթացներով փորձ է արվում իրեն դուրս դնել Հարավային Կովկասի տարածաշրջանից և այդ առնչությամբ պաշտոնական Երևանին հասցեագրված հայտարարություններ է հնչեցնում։ Ինչպիսի՞ գործողություններ կարելի է սպասել Մոսկվայից։
-Ռուսաստանի արձագանքը շատ կոշտ է։ Պետք է հասկանանք, թե այդ երկիրը հակազդեցության ինչ գործիքներ կօգտագործի։ Իսկ Ռուսաստանը հակազդելու մի քանի լծակ ունի, օրինակ՝ տնտեսական լծակը։ Ռուսաստանը կարող է նաև դադարեցնել էժան էներգակիրների հոսքը կամ դրանք Հայաստանին վաճառել միջազգային գներով, կամ գազամուղի վրա վթարներ կազմակերպել, կամ բարդություններ ստեղծել Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների համար։ Ի վերջո, Ռուսաստանը կարող է ամենակոշտ ձևով Հայաստանի դեմ հրահրել ադրբեջանական ագրեսիա։ Այսինքն՝ լծակները բազմաթիվ են. էական է, թե որ մի լծակը Մոսկվան կգերադասի օգտագործել կամ հարմար կգտնի գործի դնել։
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիա հրահրի Սյունիքի մարզի ուղղությամբ, այսինքն՝ նպաստի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»՝ ուժի կիրառմամբ իրականություն դառնալուն։
-Կարող է այդպես լինել, բայց կարծում եմ, որ նախքան այդ, եթե խոսքն անվտանգային սպառնալիք ստեղծելու մասին է, ապա ռուսները կփորձեն առաջին փուլում ագրեսիա հրահրել հյուսարևելյան սահմանների ուղղությամբ։ Ինչո՞ւ. որովհետև Սյունիքի ուղղությամբ ագրեսաիյի դեպքում միանշանակ չէ, որ ռուսները շահած դուրս կգան։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ադրբեջանը կարող է այդ տարածքում միջանցք բացել և հետո այդ միջանցքի վերահսկողությունը հանձնել ռուսներին։ Իսկ եթե չհանձնի՞. նաև այսպիսի հարց կա, որովհետև այնպես չէ, որ Ադրբեջանը շատ սկզբունքային և իր խոսքի տեր պետություն է։ Նրանք, որպես կանոն, իրենց բոլոր պայմանավորվածությունները խախտում են և այդ առումով հուսալի չեն։ Դրա համար էլ չեմ կարծում, թե Ռուսաստանը ռիսկի կդիմի՝ այդ ուղղությամբ ադրբեջանական ագրեսիա հրահրելով։ Առավել հավանական է, որ ճնշումներ լինեն Հայաստանի հյուսիս-արևելքից, որպեսզի Հայաստանն ստիպված լինի սպառնալիքներին տեղի տալով՝ ռուսներին օգնության կանչել, որի գինն էլ կլինի մեկընդմիշտ արմտյան հարթակներից հրաժարվելը։
-Պարո՛ն Բաղդասարյան, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հայտարարեց, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ՝ այսկերպ փորձելով փարատել Բաքվի մտահոգությունները։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ամերիկյան կողմը շտապեց նման հայտարարությամբ հանդես գալ։
-Այն, որ Արևմուտքը հայտարարում է՝ բրյուսելյան հանդիպումն Ալիևի դեմ չէ, բնականաբար ճիշտ է։ Այս հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. այն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, իսկ Ադրբեջանին այդպիսի ուղերձներ են հղվում՝ վերջինիս կոչ անելու չդառնալ Հայաստանի վրա ռուսական ճնշումների գործիք։ Այդ հորդորները տեղ կհասնե՞ն, թե ոչ, դժվար է ասել։
-Այս ամբողջի համատեքստում ինչպիսի՞ դիրքորոշում կարող է ցուցաբերել Իրանը, ի՞նչ լծակներ կարող է գործի դնել պաշտոնական Թեհրանը։
-Իրանը մեր տարածաշրջանի երևի միակ երկիրն է, որը հստակ հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն՝ իր այսօրվա սահմաններով։ ՀՀ 29800 կմ/ք տարածքը փաստացի չեն ճանաչում Ադրբեջանը և անգամ Ռուսաստանը, որովհետև նրանք այդ սահմանները համարում են պայմանական, քանի դեռ չի եղել սահմանազատում և սահմանագծում։
Այս առումով Իրանը միակ երկիրն է, որ հստակ ճանաչում է ՀՀ սահմանները , և դա շատ լուրջ զսպիչ դեր ունի հատկապես Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու առումով։ Բայց միաժամանակ Իրանը հայտարարում է, որ կտրականապես դեմ է, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժեր հայտնվեն, և այս առումով Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումն Իրանը կարող է ընկալել որպես անմիջական սպառնալիք։
Թե կոնկրետ ինչ լծակներով նա կարող է ազդել Հայաստանի վրա, կարելի է միայն ենթադրել. շատ ուժեղ լծակ կլինի, եթե Իրանն այլևս նույն վճռականությամբ չպաշտպանի Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և չպնդի Սյունիքի տարածքով անցնելիք ճանապարհի ինքնիշխան, անվերապահ ենթակայությունը Հայաստանին։