ՀՀ գործող իշխանությունները վերջին շրջանում չեն թաքցնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ իրենց հակակրանքը, և բոլորովին զարմանալի չէ, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այս անգամ էլ հրաժարվել է մասնակցել Տուլայում կայացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ սա բացահայտ դեմարշ է, և Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ՀՀ բնակչության 95 տոկոսի շրջանում հակառուսական տրամադրություններ սերմանել։
«Բայց այդ ամենի մեջ միայն Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, մեղավոր է նաև Ռուսաստանն՝ իր անտրամաբանական և անբացտրելի արտաքին քաղաքականությամբ։
Ես բազմիցս եմ նշել և հիմա էլ նշում եմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության մեկ նպատակով՝ ռուսներին դուրս անելու Հարավային Կովկասից, և նա հիմա փայլուն կատարում է այդ պարտականությունը։
Ռուսաստանի հայտարարությունները, որ չի պատրաստվում հեռանալ Արցախից, այս պահին որևէ ձևաչափով ապացուցված չեն։ Այսինքն՝ ՌԴ-ն ընդամենը հայտարարում է, սակայն հայտարարություններից այն կողմ որևէ քայլ չի ձեռնարկում՝ իր շահերը Հայաստանում և Հարավային Կովկասում պաշտպանելու համար»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետը համոզմունք հայտնեց՝ Արցախում տեղի ունեցողի ֆոնին ռուս խաղաղապահները կրավորական կեցվածք ընդունեցին, և ՌԴ պաշտոնական շրջանակներն ուշացումով՝ արդեն իսկ ցեղասպանվող հայությանը սկսեցին տեղյակ պահել, որ ամեն ինչում Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։
«Նիկոլը հասավ նրան, որ ադրբեջանցիների և ռուսների մեղավորություն Արցախում գրեթե հավասարեցվեց, այն դեպքում, երբ ամեն ինչում հենց ինքն է մեղավոր։
Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային, ապա եթե Արցախը 2024 թվականի հունվարի 1-ից դադարի գոյություն ունենալ, ռուսական ռազմաբազի գոյությունը Հայաստանում առ ոչինչ է, և չի բացառվում, որ շատ շուտով այն Հայաստանից հեռանա։ Եթե Ռուսաստանը պետք է մեր թիկունքում բանակցի թուրքի հետ և մեզ «թանկով» վաճառի թուրքերին, Նիկոլ այսպես թե այնպես կարող է մեզ թուրքերի «տակ մտցնել»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։