Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը։
Մենք վճռականորեն մերժում ու խստորեն դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 2517 (2023) բանաձևը և թիվ 2260 (2023 թ.) խորհրդատվությունը։ Այս կառույցը հերթական անգամ ի ցույց է դրել Ադրբեջանի նկատմամբ անաչառ մոտեցում ցուցաբերելու անկարողությունը, – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ն շարունակում է «անհիմն խոսակցությունների և տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն։
Ըստ պաշտոնական Բաքվի, այս փաստաթուղթն ակնհայտորեն հակասում է Եվրոպայի խորհրդի հիմնական որոշումներին և փաստաթղթերին։ Ավելին, ինչպես պնդում է ԱԳՆ-ն,հակաահաբեկչական գործողության հանգեցրած իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունն ու Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի հարգումն ու տեղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկված քայլերի անտեսումը վկայում են Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի երկարաժամկետ կանխակալ վերաբերմունքի մասին։
«ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժվելու վերաբերյալ և Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերյալ Հայաստանի հայցերը, անընդունելի են: Ավելին, մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի վրա լույս չսփռելը, ականների սպառնալիքը, որը 44-օրյա պատերազմից հետո զոհերի թիվը հասցրեց 333-ի, և նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներում գրանցված ավերածությունների չափը խորապես մտահոգիչ են», – նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի կոչերը։
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, ԵԽԽՎ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը, որոնք խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները ։
«Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդյունավետ են և չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման և Ադրբեջանի Ղարաբաղի շրջանիհայ բնակչության վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղությամբ», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրերս ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Վերոնշյալ բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։