Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն, իր իսկ խոսքով, այսօր առավոտյան հանդիպել է Արցախի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, քննարկել Լաչինի միջանցքի տոտալ փակումից հետո ձևավորված իրավիճակը։ Տվյալ պաշտոնյան նշել է, որ Արցախում հումանիտար իրավիճակն իսկապես շատ բարդ է, սակայն դեռևս որոշակի պաշարներ կան, և Արցախն առայժմ դիմանում է։
«Այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ Ադրբեջանն առաջարկել է առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրել, բայց Արցախը հրաժարվել է։ Մերժման պատճառն այն է, որ Ադրբեջանը դա փորձում է ներկայացնել որպես վերաինտեգրման մաս։
Բնական է, որ որևէ մեկն Արցախում վերաինտեգրման հետ համաձայն չէ, և այնտեղ կան կարմիր գծեր, որոնցից չեն նահանջի»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Լաչինի միջանցքի ամբողջական փակումը երկար չի տևի։
Նրա խոսքով՝ այս պահին էլ ճանապարհի բացման շուրջ բանակցություններ են ընթանում, և մոտ ժամանակներս հնարավոր կլինի երթևեկը վերականգնել։
Քաղաքագետը միաժամանակ հավելեց՝ Արցախը պետք է կողմնորոշվի, թե որտեղ և ինչ կարգավիճակով է ցանկանում այսուհետ լինել։
«Ես չեմ խոսում այն մասին, թե որտեղ չի ուզում լինել Արցախը. հարցն այն է, թե որտեղ է ուզում լինել՝ ուզում է լինել անկա՞խ, թե Հայաստանի կամ Ռուսաստանի կազմում։ Սրա մասին խոսույթ Արցախում չկա։ Արցախը պետք է հստակ ուղենշի իր ճանապարհը։
Այս պահին միակ խնդիրն անվտանգության ապահովումն է, իսկ այդ մեխանիզմները կարող են լինել շատ տարբեր, այդ թվում՝ Արցախն Ադրբեջանի մաս լինելու տարբերակով։ Եթե, օրինակ, միջազգային զինված խաղաղապահ ծառայությունը կանգնի Արցախի սահմաններին, բայց Արցախը փաստաթղթով դե յուրե մնա Ադրբեջանի կազմում, գուցե հնարավոր լինի խաղաղություն ապահովել։
Արցախն իր կարգավիճակի հարցում կողմնորոշված չէ, և այս դեպքում Հայաստանին մնում է մեկ բան՝ դուրս գալ Արցախ-Ադրբեջան հակամարտությունից, որովհետև եթե Հայաստանը մնա այդ հակամարտության մեջ, Արցախի ցանկությունն այլևս ոչ ոքի չի հետաքրքրի, և Հայաստանին էլ կարող են ստիպել ստորագրել այն, ինչ Արցախին ձեռնտու չէ, այն է՝ Արցախը «նվիրել» Ադրբեջանին»,- ամփոփեց Ռոբերտ Ղևոնդյանը։