Թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախը գտնվում է ծանրագույն, օրհասական և անշրջելի աղետին սահմանակցող իրավիճակում, սակայն ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն այն մարդը չէ, ով կարող է խոսել իրենց գործում թերացած մարդկանց անուններ բացահայտելու մասին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Վարդանյանի հայտարարությանը, որ այսուհետ հրապարակելու են այն մարդկանց անունները, ովքեր Արցախում ստեղծված իրավիճակում իրենց պարտականությունները ճիշտ չեն կատարում, կամ իրավիճակն օգտագործում են իրենց օգտին։
«Այս իրավիճակում բնականաբար տեսականորեն չափազանց կարևոր է, որ հնչի տասնամյակներ տևած գործողությունների և ընդունված որոշումների վերաբերյալ ողջ ճշմարտությունը։ Բայց, կրկնում եմ, Ռուբեն Վարդանյաննն այն մարդը չէ, որը կարող է արտահայտել Արցախի կենսական շահերը։
Իրականում բացահայտելու արժանի ճշմարտություններ շատ կան, բայց ԱՀ պետնախարարը հաստատ այն անձը չէ, որ բարոյական կամ քաղաքակն իրավունք ունի որևէ բանի մասին խոսելու։
Նա, ի սկզբանե, Արցախ չի ժամանել Արցախի հայաստանապատկանությունն ու ԱՀ քաղաքացիների՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։
Նա այստեղ հայտնվել է բոլորովին այլ նպատակով՝ սպասարկելու հայտնի գերտերության շահը, և Արցախոըւմ հայտնվելը Ռուբեն Վարդանյանի համար ընդամենը տրամպլին է՝ հետագայում հենց Հայաստանում իշխանական հավակնությունների համար։ արցախում հայտնվելուց ի վեր՝ նա մրցակցում է Արայիկ Հարությունյանի հետ»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ իսկ ո՞վ իրավունք ունի իրենց գործողությունների մեջ թերացող անձանց անուններ տալու, Քանանյանը պատասխանեց՝ Արցախում ապրող և արցախահայության շրջանում հեղինակություն վայելեող մարդիկ, որոնք վերջին 20 տարվա ընթացքում իշխանության մաս չեն կազմել և խառնված չեն կոռուպցիոն գործարքների մեջ։
«Դա որոշ չափով ինքնամղում պետք է լինի»,- ամփոփեց քաղաքագետը։